Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում էր իր մեծամեծների և զորքերի ամբողջ բազմության առաջ։ Արտաքուստ թաքցնում էր իր մտադրությունները և ակամա առատ-առատ պարգևներ էր տալիս նրանց։ Ելավ- գնաց Հոնաց աշխարհի տերության վրա, որին թուշանք են անվանում, և երկու տարու չափով կռվելով՝ նրանց ոչ մի վնաս հասցնել չկարողացավ։ Հետո զինվորներին ուղարկեց յուրաքանչյուրին իր տեղը և նրանց փոխարեն իրեն մոտ ուրիշներին կանչեց նույն պատրաստությամբ։ Եվ այսպես տարեցտարի սովորություն սահմանեց, և այնտեղ իրեն համար բնակության քաղաք շինեց, իր թագավորության չորրորդ տարվանից սկսած մինչև իր իշխանության տասնմեկերորդ տարին:

Եվ երբ տեսավ, որ Հոռոմները հաստատ մնացին իրենց դաշինքին, որ դրել էին նրա հետ, և Խայլնդուրները դադարեցին Ճորա պահակն անցնելուց, և իր երկիրն ամեն կողմից խաղաղության մեջ է ապրում, և դեռ Հոների թագավորին էլ նեղն է լծել, որովհետև ավերեց նրա շատ գավառները, և իր թագավորությունը հաջող դրության մեջ է, — ավետավորներ ուղարկեց իր երկրի բոլոր ատրուշանները, սպիտակ ցողերով և գիսավոր նոխազներով առատացրեց կրակի զոհերը, և միանգամայն անընդհատ դարձրեց իր պիղծ պաշտամունքը. մոգերից շատերին և մոգպետներից է՛լ ավելի շատերին մեծարեց պսակներով ու պատիվներով։ Նաև հրաման տվեց Հափշտակել Պարսից աշխարհում գտնվող քրիստոնյաների ամբողջ ինչքն ու գույքը։

Եվ այսպես հպարտացավ, գոռոզացավ իր մտքում, սանձարձակորեն հոխորտում էր մարդկային բնությունից էլ վեր, ոչ միայն մարմնական պատերազմների գործերի մեջ, այլ ինքն իրեն հայրենի կարգի բնությունից մեծ մի բան էր կարծում. այդ պատճառով նա կեղծավորությամբ ինքն իրեն իր կարծիքով թաքցնում էր, բայց ինչպես նկատում էին իմաստունները, ինքն իրեն կարծես անմահների կարգն էր դասում։ Եվ սաստիկ զայրացած էր Քրիստոսի անվան վրա, երբ լսում էր, թե տանջվեց, խաշվեց, մեռավ և թաղվեց։

Եվ երբ այսպես օրեցօր ցնորված տարուբերվում էր