Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անեք Տիրոջ պատվիրածը՝ «Ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ երկնավոր հոր և սուրբ հրեշտակների առաջն»[1]։

«Առաքելական քարոզության վարդապետներ էիք, այժմ այն մոլար խաբեության աշակե՞րտ պիտի լինիք։ Ճշմարտության ուսուցիչներ էիք, այժմ մոգերի սուտ խաբեությո՞ւնը պիտի սովորեցնեք։ Արարչական զորության քարոզիչներ էիք, այժմ տարրերին աստվա՞ծ եք դավանում։ Ստությունը հանդիմանողներ էիք, այժմ ստից էլ ավելի՞ սուտ պիտի լինեք։ Հրով և հոգով էիք մկրտված, այժմ պետք է մոխրի և փոշո՞ւ մեջ թաթախվեք։ Կենդանի մարմնով և անմահ արյունով էիք սնված, այժմ զոհերի ճարպի և կեղտոտ արյունի մեջ պիտի աղտոտվեք։ Սուրբ հոգու տաճար էիք, այժմ դևերի զոհարա՞ն պիտի լինեք։ Քրիստոսազգյաց էիք մանկությունից, այժմ այդ փառքերից զրկված՝ դևերի նման արեգակի առաջ պիտի պարեք։

Արքայության ժառանգ էիք, այժմ ինքներդ ձեզ Գեհենի ժառանգ դարձրիք։ Նրանց է սպառնացած անշեջ հուրը, դուք ինչո՞ւ եք նրանց հետ այրվում-խորովվում։ Նրանց համար է գիրանում անմահ որդը, իսկ այժմ դո՞ւք եք ձեր մարմինները գիրացնում նրան կերակրելու համար։ Նրանց համար է թանձրացված պահվում արտաքին խավարը, դուք՝ լուսազգեստներդ ինչո՞ւ նրանց հետ դեպի նույն խավարն ուղևորվեցիք։ Նրանք վաղուց արդեն կուրացած էին, դո՞ւք ինչու կուրացաք կույրերի հետևից։ Նրանց համար էր փորված խորխորատը, ինչո՞ւ նախ դուք ընկաք նրա մեջ։ Ե՞րբ պիտի սովորեք նրանց աստվածների բազմաթիվ անունները. այն աստվածների, որոնցից ո՛չ մեկն էլ մեջտեղում չկա։ Ծանր բեռներից թեթևացած էիք, ինքներդ ծանր բեռ վերցրիք ձեզ վրա։ Ծառայությունից տեղատված էիք, չարաչար կերպով մտաք անազատելի ծառայության տակ։

«Ի՞նչ կլիներ, գիտենայիք և հայտնի լիներ ձեզ, որ երկինքը սուգ մտավ ձեզ վրա, և երկիրը վշտացավ ձեր ոտ-

  1. Մատթ. Ժ 33 և Ղուկ. ԺԲ 9: