Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՅՈԻՆՅԱՑ ԻՇԽԱՆԻ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ

ԵՐԿՊԱՌԱԿՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մինչև այստեղ շատ էլ չէի վախենում պատմել մեր ազգի այն հարվածները, որ ճշմարտության արտաքին թշնամիները չարաչար կերպով հարուցին մեզ վրա. որոնցից քչերը մեզ ջարդեցին, և շատերը ջարդ կրեցին մեզանից, որովհետև դեռևս միաբան և ընկերակիցներ էինք։ Թեպետև ոմանք ծածուկ նենգավոր երկմտության մեջ էին, սակայն արտաքինների աչքում միաբանությունն ահավոր էր երևում, ինչպես որ երկու-երեք տեղ չկարողացան էլ դեմ կանգնել մէզ:

Արդ՝ այստեղից արդեն, երբ ներս է սպրդում երկպառակությունը, միաբանությունը քանդվելու հետ հեռանում է նաև երկնավոր առաքինությունը, և անձնասիրությունն ավելանալով՝ խիստ շատանում է լացն ու ողբը։ Որովհետև կտրվեցին-ընկան այն անդամները, որոնք առաջներում այս սուրբ մարմնին էին պատկանում, ուստի մարդու լացը գալիս է իր առջև այդ դիակը տեսնելիս. է՛լ ավելի դառնությամբ է լցվում սիրտը այն մարդու պատճառով, որ հոգով ու մարմնով առհասարակ դիակ է դառնում։ Եվ եթե մի անձի վերաբերմամբ այսպես է, որքա՜ն ավելի կլինի մի ամբողջ ազգի վերաբերմամբ։

Բայց այստեղ մեր ողբը ո՛չ թե միայն մի ազդի համար