Էջ:Yeghishe Charents, Colleced works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օ, զզվելի՛ կին,—
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս—
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս․.․
80 Ուզո՞ւմ ես՝ պատմեմ, թե ինչպես հանկարծ
Ինձ համար փոխվեց ամեն, ամեն բան —
Եվ ես կորցրի երազի ճամփան․..
. . . . . . . . . ․
Մի գիշեր էր մութ։ Անձրև էր գալիս։
85 Խավար էր իջել իմ մթնած հոգում։—
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ։
Եվ ես դուրս եկա։ Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար։
90 Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար․..

Երկա՜ր քայլեցի․
Եվ իմ դեմ ահա — մի երկա՜ր փողոց։
Հեռևում — դեղին, տարտամ կրակներ։
95 Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՜ն լուր բերին․.․
Մի հին լուր՝ հոգուս մեջ պահված ծածուկ —
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ․..

Ու․.․ այս եմ հիշում՝
100 Մի հին անկողին — թաղված մշուշում,
Ու մի մերկ մարմին։
Ու ցավոտ, ճնշված հեկեկանքը իմ․.․
Ու դուրս եկա ես։
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի,—
105 Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի․..