Վարսավիրի մոտ հիմա նա լուռ նստել է էլի.
Դեմը փայլում է հսկա արծաթափայլ հայելին։
Դեմը նստել է մի կին ու աչքերով մեռելի
Նայում է պաղ աչքերին` անվերջ, էլի ու էլի։
Թափել է վար, ճակատին դեղին մազերը հիմա,
Ու ակնարկում է մթին տագնապներով ակամա։
Այնպես օտա՜ր է, այնպես անսիրելի ու հեռու.
Ի՞նչ են գտել նրա մեջ գուրգուրելու, սիրելու։
Տխո՜ւր, տխո՜ւր, որպես մահ, ակնարկում է
հայելին.
Սանրվում է սակայն նա, դեմքը ժպտում է էլի։
Ու կանգնել է իրեն մոտ — մոտի՜կ, մոտի՜կ,
որպես սեր —
Մի բարեկամ անծանոթ, հրաշագործ մի ընկեր։
Դեմքին տաղտուկ մի ժպիտ, ձեռքին սրվակ ու
փոշի`
Թափում է նո՜ւրբ հմայքներ, ծախվող բույրեր
ուրիշի։