Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***
Կարինե Քոթանճյանին


Գիշերը հոգնած նստել սենյակում,
Նայել շորերիդ ծալքերին լուսե,
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն
Գուրգուրե հոգուս հոգնությունը սև։

Լուռ, անձայն նստել մի բաժակ թեյի։
Ձեռքերդ դնես հոգնած ծնկներիս։
Ու հին, փոշեպատ հայելիների
Մշուշում կորած՝ խոնջանա հոգիս։

Եվ սիրել բախտը` պարզ ու երկրային,
Ցանկություններդ մեղկ ու կամակոր —
Եվ սիրել քո տան փոշապատ ուղին
Եվ սենյակներիդ տխրությունը գոլ...

1916