Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ


Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ
                                                              մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա,
                                                           կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս։
Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի
                                                             ճանաչում
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ո՛ք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեն, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ։

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան...