Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
I

Վահա՛ն Տերյան, ինչպե՜ս երգեմ հիշատակին քո.
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահա՛ն Տերյան, քո անցած ուղին:
Ու մշուշում տխու՜ր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա:

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն —
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Օր վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե: