Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ես, հանկարծ,
Ինքս էլ դեռ լավ չհասկացած, թե ինչու,
Վերցրեցի մի բուռ ձյուն
Ու խփեցի կատուներին սիրարծարծ․․․

Եվ այդ պահուն միայն ես
Նկատեցի, որ եթե
Ես պատահմամբ այդ չար քայլը չանեի —
Սիրով տարված կատուները կտուրից
Պիտի գետին ընկնեին...

Սակայն իմ թաց ձյունագնդից արթնացած,
Սուր զայրացած, որ չթողին որ խաղան —
Նրանք ահեղ մլավեցին դեպի ցած —
Ու փախան․․․


Ո՜վ երկինք,
Ների՛ր, որ ես ոչնչի չե՜մ պետք եկել,
Որ կյանքս ողջ երգ է եղել ու քամի․․․
Բայց մի անգամ, միայն մի,—
Երբ գարուն էր, հալհլոց —
Ես փրկել եմ — թեկուզ կամքիս հակառակ —
Երկու կատվի ․․․ կտուրից վայր ընկնելուց

1921