Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները՝ դաժա՜ն, անհրապույր, չարկամ, —
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա։

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ, առած վիրավոր է նա մի։
Ու կարող է հիմա ամե՜ն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին...

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,— երկաթաթև թռչուն,—
Զարհուրհելի, զազիր փողոցների միջով...

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում՝ փոշի և արնամուժ ավազ,—
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա։

Օ՜, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման,—
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա։