Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Եվ կինը գրկեց, համբուրեց նրան։

Ջահերը նորից դղյակի միգում
Արնավուն լուսով բռնկված — կորան։
Եվ խավարն իջավ անդուռ․ դղյակում։
Եվ կինը կարծես չտեսավ, որ լուռ,
Որպես մի ուրու, որ կա ու չկա —
Մոտեցավ հանկարծ լուսավոր, տխուր,
Տխրորեն վճիտ երազը նրա...
Մյուսը կարծես չիմացավ ինքն էլ,
Թե ինչո՞ւ հանկարծ թվաց, որ միգում
Մեկը, անանուն, անտես մոտեցել
Ու խուլ տագնապով դռներն է թակում․․․

11

Ու լուռ կանգնեցին իրարու դիմաց
Երկուսը — կարծես առաջին անգամ։
Կինը հեծկլտաց ու նորից ժպտաց —
Ժպիտն էլ, լացն էլ — օտա՜ր էր այնքան։
Ու կանգնած էին նրանք դեմ ու դեմ
Ու չգիտեին՝ ի՞նչ էին ուզում։
Բայց զգում էին, որ մի լուր գիտեն
Երկուսն էլ հոգու անլուր երազում։
Եվ զգում էին, հոգնած ու տխուր,
Որ կընկնի՜, կընկնի՜ լույսը հեռակա
Վերջին խավարի գիրկը ահավոր։
Եվ զգում էին․ վերջին անհունում,
Արևից հետո ու լույսից հետո —
Երկուսն էլ նրանք՝ անդեմ, անանուն՝

Կդառնան հլու ողջակեզ ու զոհ․․․