Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ձեռքերը պարզեց ու լռեց միայն։

Ու խնդաց նորից սիրտը մշուշում։
Ու չկար ոչ ոք։ Թվում էր նրան
Աշխարհն էլ, ինքն էլ մի մութ վերհիշում։

Ու խո՛ր հեծկլտաց ասպետը, ընկած
Ճերմակ դղյակի մոխիրի վրա։
Ու հիշեց բոլոր աստղերր հանգած,
Ու հիշեց հրոտ հմայքը նրա։
Եկավ — ու չկա։ Բայց չէ՞ որ, երբ դեռ
Հրդեհն էր լափում դղյակը իր հին՝
Բոցերի ծովում մի ոսկի թիթեռ
Զնգում էր, շաչում — հրավարս մի կին։
Օ, թող գա՜, թող գա՜։ Լինի արյունոտ։
Մեխվի իր սրտում, որպես քաղցր սուր։
Թող նորի՜ց վառվի համբույրը հրոտ
Ու հմայքը հուր...
Եվ թո՛ղ չլինի երազն աստղային —
ճերմակ դղյակի անմարմին ուրուն...
Եվ չէ՞ որ ոսկի կրակներ կային
Մեռնելուց առաջ նրա աչքերում...


Դու ինձ մոտ էիր։ Ժպտացիր — ու հուր
Համբույրի ժամին հոգիս գոհ, դժգոհ՝
Ընկավ գիշերի խոռոչի մեջ խոր —
Բայց օրհնում էի հրդեհները քո։
Ես օրհնում էի։ Ժպտում էիր դու։
Ու հրդեհեցի իմ դղյակը հին,

Որ ի՛մը լինես, չդառնաս ուրու,