Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․