Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց
Դեմքդ մշուշում մանուշակագույն...

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՜ռ ծիածան...

Քո՛ւյր իմ, այն մեռնող արև՜ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...