Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԳ


Ինձանից հետո եկան հանդես
Երգիչներ երկրի՜, հողի՜, հանքի՜,
Երգիչներ՝ ելած նորոգ կյանքից,
260 Երգիչներ խնդո՜ւն աշխատանքի,—
Եկան խուղերի՛ց այն անարև,
Հանքերի՛ց եկան, եկան քարե
Այն զնդանների՛ց, ուր որ դարեր
Միայն ճորտությո՜ւնն էր բարբառել:—

ԼԴ


265 Այրում էր մի սև, դժնի արև
Դարեր շարունակ, մինչև երեկ
Քարե երկիրը մեր անտերև,
Մեր խրճիթները հողմաերեր։—
Մեր գլխին — բազում դաժան տերեր՝
270 Հայրենի, օտար և զանազան,—
Արքաներ, որպես վայրի գազան —
Ե՛վ խռովք, և՛ խաչ, և՛ խարազան.․․

ԼԵ


Շահատակողներ ժանտադաժան.—
Թեյմուրլենկ՝ չարաչք ու չարաժանտ,
275 Չինգիզխան՝ զորքով բազմահազար,
Աբբասներ՝ զարհուր ու զանազան,
Եվ ռուս արքաներ արնաբաժան...
Օ՜, ժանտ արքանե՜ր, ձեր սրբազան
Արշավանքներում որքա՜ն տեսանք
280 Փորձանքներ դժնի ու տարաժամ...