Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՂ՝ ՁՈՆՎԱԾ ՄԵՌՅԱԼՆԵՐԻՆ


Տխրությամբ ու դառնապատիր ցավո՛վ ենք ձեզ դնում ճանապարհը,
Ո՜վ անդարձ հեռացողներ, ո՜վ մեռյալներ,
Դո՛ւք, որ չեք վերադառնալու այլևս և մնալու եք հար
Տիեզերքի զարկին անհաղորդ, և չեք ճաշակելու բույրեր, և չեք լսելու ձայներ…

5 Դուք գնում եք մոխրանալու և դառնալու տարերք,
Խառնըվելու հողին ու ջրին,—
Էլ ի՞նչ ասեմ ես ձեզ.— անիմաստ են բառերը,
Գուցե ա՛յն միայն, որ վախճանվելը վիճակված է, ավա՜ղ, յուրաքանչյուրի՛ս…

Բայց եթե միևնույնն է վախճանը բոլորիս գերեզմանից անդին,
10 Եթե նո՛ւյնն է մեր բախտը հեռանալուց հետո,—
Ապա տարբեր է հուշը, հիշատակը, այն զրույցը անգին,
Որ մնում է սրտերում մարդկանց և լցնում է սրտերը կարոտով…

Բայց ի՞նչն է, ի՞նչն է արդյոք, որ մոխիրից հետո
Լուսազարդ ու շքեղ վե՜ր է հառնում,
15 Լցնում է օրերն ապագա անմարելի բույրով
Եվ դառնում է երգ ու զրույց, և հիշատակ է դառնում…