Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռուս աղջիկն է, նա գիտե ինձ, նա սիրում է ինձ,— ո՞վ ինձ հիմա, երբ նա չի լինի, կսիրի,— ծերունուս, ո՞վ։ Ո՛չ մեկը բոլորից ոչ մեկը, Ալհա՛լլան․․․

Լռում էր Ալհա՛լլան․․․

— Ես ի՞նչպես պիտի ապրեմ, իմանալով, որ դու գրկում ես նրան, որ քեզ համբուրում է նա։ Կնոջ առջև — ոչ հայր կա, ոչ որդի, Տոլա՛յկ։ Կնոջ առջև — մենք բոլորս տղամարդիկ ենք, որդի՛ իմ․․․ Ցավալի կլինի ինձ համար ապրել վերջին օրերս... Թող բոլոր հին վերքերս բացվեին մարմնիս վրա, Տոլա՛յկ, և հորդեին արյունս, լավ է՝ թող չլուսացնեի ես այս գիշերը, որդի՛ իմ․․․

Լռում էր նրա որդին․․․ Կանգ առան նրանք հարեմի դռան առաջ և, գլուխներն հակած կրծքերին, երկար կանգնեցին նրա առջև։ Խավար էր շուրջը, և ամպերը փախչում էին երկնքում, իսկ քամին, ցնցելով ծառերը, կարծես երգում էր, աղմկում ծառերով․․․

— Վա՜ղուց է ես սիրում էի նրան, հա՛յր․․․— կամացուկ ասաց Ալհալլան։

— Գիտեմ... և գիտեմ, որ նա քեզ չի սիրում․․․— ասաց խանը:

— Պատռվում է իմ սիրտը, երբ ես մտածում եմ նրա մասին։

— Իսկ իմ հին սիրտը ինչո՞վ է լցված հիմա։

Եվ կրկին լռեցին։ Հառաչեց Ալհալլան։

— Երևում է՝ ճիշտն ասաց ինձ իմաստուն-մոլլան․— Կինը տղամարդուն մի՛շտ վնասակար է․ երբ նա լավն է՝ նա ուրիշների մեջ ցանկություն է արթնացնում տիրել նրան, իսկ իր ամուսնուն մատնում է խանդի տանջանքներին․ երբ նա տգեղ է՝ նրա ամուսինը, նախանձելով ուրիշներին, տառապում է նախանձից։— Իսկ երբ նա ոչ լավ է, ոչ վատ — տղամարդը նրան չքնաղ՝ է դարձնում