Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք։ Եվ ո՛չ միայն նրանք, այլև հազար—հազարավոր ուրիշ—ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,— և ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլո՛ր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը և ամեն ինչ նայիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն — ուղեղային խաղը։ Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով և հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զևսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս—Պալասը։ Այո՛։ Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին և քարակերտ վեհությամբ ապրեին դարեր — թեկուզ հենց Վարդանի կամուրջը, Բերդը, Աոաքելոց եկեղեցին… Այդպես էլ ես ու դո՛ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք տարիներ շարունակ փողոցից-փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը և Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշաանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ—Ղահվե— ճաշարան, Սեթրակ Ֆալիան» — ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, և չենք էլ իմացել, որ իլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,— որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ