Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայկական երգեցիկ խումբ, որի անդամների մեծ մասը «քաղքի աղջիկներ» էին, ինչպես ասում էր Լազգին... Այդ անգամ արդեն ոչ այնքան բովանդակությունն էր կալանավորներին զբաղեցնողը, որքան, եթե կարելի է այսպես արտահայտվել կատարողների ձևը... Կալանավորները լուռ, լարված նայում էին բեմի վրա բարձրացած այդ կենդանի հրաշքին, այդ լուսե աղջիկներին, որոնց սպիտակ պարանոցները և հոլանի թևերը, միայն դրանց տեսքը նրանց անասելի հաճույք էր պատճառում... Լազգին կրկին չհամբերեց և ընդմիջումի ժամանակ թռավ բեմ ու սկսեց իր «Հիրգուն կուգան»-ն ու «Նագանը»... Դեմքը գունատվել էր ու հոգևոր դարձել, աչքերը փայլում էին ոգևորության սրբազան տենդով։ Լազգու ելույթը բոլոր կալանավորների կողմից ընդունվեց բուռն, մոլեգին ծափահարությամբ. այսպես թե այնպես՝ դա մի ցույց էր այդ երկնային արարածներին, թե մենք էլ մարդիկ ենք և ունենք մեր փոքրիկ ընդունակությունները... Կեցցե Լազգին. այդ աննման հրաշքների առաջ նա ցեխովը չտվեց մեր բորբոքված ինքնասիրությունը։

Սակայն շաբաթվա ընթացքում լինում էին օրեր, երբ թափուր էր լինում կուլտ-բաժինը, և այդ օրերին էր ահա, որ իր կապարե թևերով Ուղղիչ Տուն էր մտնում ու իջնում կալանավորների հոգիներին մահացու ձանձրույթը։

Այդպիսի երեկոներին կալանավորների փոքրաթիվ մասը դպրոցում ու ընթերցարանում էր լինում, իոկ մեծ մասը՝ կամերաներում: Խումբ-խումբ հավաքվում էին կամերաների զանազան