Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մտա հարևան կամերաները։ Բոլորն էլ լիքն էին կալանավորներով։ Նրանցից շատերին ես արդեն ճանաչում էի։ Մեծ մասը գյուղացիներ էին՝ դատապարտված սպանության, գողության կամ այլ հանցագործությունների համար: Բավական թանակությամբ կային և քաղաքի լյումպեններ՝ մեծ մասամբ գողեր ու խուլիգաններ։ Կատարյալ «հատակ» էր և ինձ որոշ ժամանակ վիճակվեց ապրել այդ «հատակում»։

Մի բան, որ առաջին հայացքից աչքի էր զարնում այդ վերի կամերաներում — դա այն էր, որ դրանց բնակչության մեծ մասը զուրկ էր ամենատարրական հարմարություններից։ Շատերը ո՛չ մատրաց ունեին, ո՛չ վերմակ։ Շատերը քնում էին երկու ընկերով՝ մի վերմակի ներքո։ — Խեղճություն էր, չքավորություն, անտերություն ու կեղտ… Ծանր տպավորություն էին թողնում այդ կամերաները մանավանդ գիշերները։
— Խեղճություն է, անսահմա՛ն խեղճություն,— ասում էի ես հաճախ Ուղղիչ Տան պետին, երբ նա

գիշերները գալիս էր կամերաները նայելու. —հարկավոր է օգնել։

— Էս է՝ արհեստանոցները կարգի բերենք — գուցե հնարավոր լինի օգնելու։ Գոնե մի—մի մատրաց էլ է տանք՝ էլի բան է։
Չգիտեմ՝ մինչև հիմա եղա՞վ արդյոք այդ հնարավորությունը՝ գոնե մի֊մի մատրաց տալու այդ խեղճերին, այդ «թշվառներին», ինչպես կասեր դրանց մասին ֆրանսացի մեծանուն վիպասանը։
Կալանավորական կյանքի մի շարք կողմեր, որ մինչ այդ անհայտ էին ինձ, առաջին անգամ իմ