Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր տեսակի մեջ շատ հետաքրքիր մարդ էր այդ Հաջին, որին մեր կամերայի Հաջու հետ չխառնելու համար՝ կանվանենք միմիայն «Հաջի», իսկ մերինին՝ «մեր Հաջի»:

Արդեն քառասուն տարեկան, բարձրահասակ, թխադեմ, սև, դուրս ընկած աչքերով, որոնք ունեին դեղնած սպիտակուցներ (վերջին երկու հանգամանքն էլ հետևանք էին անաշա ծխելու)— ահա Հաջու ընդհանուր նկարագիրր։ Սև բլուզ էր հագնում, մազերը սանրում խնամքով։ Օձիքի մի կողակն արձակած։ Վիրտուոզ գող էր, ռեցիդիվիստ, որակյալ աֆերիստ։ Մի անգամ քաղաք գնաց հսկիչի ուղեկցությամբ — և նրա աչքի առաջ կարողացել էր թռցնել մի սքանչելի ջութակ։ Բավականին լավ ջութակ էր նվագում և սիրում էր ջութակը՝ ամեն բանից ավելի: Երգում էր խզված, հարբեցողի ձայնով. ասում էր, որ լավ ձայն է ունեցել ժամանակին, բայց ձայնն էլ, ինչպես և տեսողությունը, կերել է անաշան։ Արտիստի բարակ, երկար մատներ ուներ, որոնք դողում էին որևէ բան բռնելիս — նույն անաշայի հետևանքով։ Տաճկաստանցի էր, կարծեմ Տրապիզոնի կողմերից, տաճկական սպա էր եղել. սքանչելի գրում էր ու խոսում տաճկերեն. ասում էր՝ տաճկական կոլեջ է ավարտել, բայց դժվար էր հավատալ։ Գրում էր բավականին տգետ բանաստեղծություններ, ասում էր, որ թուրքերեն երկու վեպ ունի գրած, որոնք, իբր, հրատարակել է Ադրբեջանի Պետհրատը։— Սա ևս չեմ կարծում, որ համապատասխանի իրականության։

Վերջին անգամ Հաջին ձերբակալվել ու դատապարտվել էր մի բավականին հետաքրքիր գործով։