Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց թե ո՞նց կլինի, — դիմեցի բժշկին. — էսպես հո կարող են մեռնել...

— Մի՛ք անհանգստանա, — ժպտալով պատասխանեց բժիշկը. — հերքերը վտանգավոր չենք: Չկարծեք թե առաջին անգամ են սրանք այս բանը փորձում. հին գայլեր են երևում... Այնպես չէին կտրի, որ վնասվեն։ Իսկ մինչև դատախազը չգա՝ ոչ մի դեպքում թույլ չեն տա կապել։ Ամբողջ պատմությունն էլ հենց դրա համար է սարքած... Ես նայում էի նրանց, այդ հին գայլերին, որոնք պառկած էին հանգիստ, բժիշկը կանգնած էր կողքներին, արյունը հոսում ու հոսում էր կողերից, բայց նրանք համառ կերպով արգելում էին օգնություն հասցնել։ «Ցնցող տպավորությունը» պահում էին դատախազին։ նրանցից մեկը մոտ 40 տարեկան կլիներ, մյուսը՝ 30. երկուսն էլ առողջ տղամարդիկ, սափրած գլուխներով ու դեմքերով, ուղիղ, հաճելի տղամարդկային դիմագծերով։ Քաղաքներում ապրած լյումպեններ էին երևում, հին աֆերիստներ, հին գայլեր։ Եվ պարզ էր, որ առաջինը չէր մեր Ուղղիչ Տունը, ուր ընկել էին նրանք։ Քաջ ծանոթ էին ուղղիչ-տնային բոլոր օրենքներին։ Պարզ էր և այն, որ նրանք նույնքան հեռու էին երևանաբնակ թուրքեր լինելուց, որքան անցանկալի էր նրանց համար Պարսկաստան ուղևորվելը: Նրանք, իմ կարծիքով, աջարացիներ էին կամ տրապիզոնցիներ. գոնե այդպես էին ասում նրանց դիմագծերը։ Երևանի թուրքերը, որ էապես պարսիկներ են կամ ադրբեջանյան թաթարներ, ո՛չ շեկ մազեր ունեն, ո՛չ կապույտ աչքեր, ո՛չ էլ ուղիղ դիմագծեր։