Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

« — Մկրտիչ Կարապետյան, դու՛րս արի» — ավելի րարձր ձայնով, քան կարելի էր ենթադրել, որ ունի պ. Բյուզանդը, — բղավում է պ. Բյուզանդը դեռ ներս չմտած. նա տեսավ շիլ Մուկուչի բարձրացրած ձեռքը, որը, եթե ինքը մի վայրկյան էլ ուշանար՝ ծանր, պիտի իջներ Շլդոյի գլխին։ Գլուխը կախ, խոնարհ՝ վախից դողացող մարմնով ելնում է շիլ Մուկուշը դուրս։ «— Միսակ Հովհաննիսյան» — ավելի ահռելի ձայնով կանչում է պ. Բյուզանդը. « —Դու ևս դուրս արի»։ Եվ ահա Շլդոն ևս, գլուխը հոռետեսորեն քորելով, գալիս կանգնում է գրատախտակի մոտ։ Դասարանը սարսափ կտրած, չռած աչքերով սպասում է դրության վախճանին։

«Սա՞ էր» — ցույց տալով Շլդոյին՝ հարցնում է պ. Բյուզանդը։ Օրիորդը, հուզված, գլխով է անում. չի կարողանում խոսել։ «Ա՛րջ» — վրա պրծնելով բղավում է պ. Բյուզանդը. « — ես քեզ ցույց կտամ, աչքե՛րդ կհանեմ»։ Ու փայտե քանոնի ազդեցիկ հարվածներ իջեցնելով Շլդոյի գլխին՝ արագ շարում է իրար ետևից գունեղ ածականներ. — «Շա՛շ, հիմա՛ր, իշո՛ւկ, փողոցի՛ թափթփուկ, լի՛րբ,— ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ». էլի ու էլի. մի զարկը— մի ածական։ Հետո հերթը հասնում է շիլ Մուկուչին. նա էլ, իր հերթին զանազան գեղարվեստական ածականներ ստանալով և գլխի վրա նրանց քանակը հաշվելով՝ սկսում է լաց լինել բարձրաձայն, այնպիսի ահռելի մի լացով, որ ձայնը հասնում է մինչև մոտակա փողոցը։ « — Ես դուրս կանեմ սրանց, օր. Նվարդ» — ասում է պ. Բյուզանդը՝ պարտականության առաջին մասը վերջացնելով. — ներողություն եմ խնդրում, որ