Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Թերթ երկրորդ

Ամենից առաջ «Նորքը»։ Ի՞նչ է անում։ Լույս կտեսնի՞, թե ոչ։ Շատ հետաքրքիր կլիներ իմանալ բովանդակությունը։ Հետո—Պետթատրոնը։ Ի՞նչ ծրագիրներ ունի։ Գրել էիր, որ դեկտեմբեր ամսին կխաղացվի իմ «Կապկազը»2. հօ՞դս ցնդեց արդյոք, թե դեռ լույս աշխարհ չի տեսել։ Ի՞նչ են անում այդտեղ նայիրյան գրականները. հետաքրքիր է քո կարծիքը մեր արդի գրական իրականության մասին։ Այստեղ է ընկ. Կարինյանը3. նրա ասելով—ամայություն է, մեռյալ կետ, սպիտակ նիրվանա։

Եթե քեզ հետաքրքրում է իմ, նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա։ Չգիտեմ—կրիզի՞ս է, թե վերջ։ Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայական մի բան չի պղտորում երևակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն — դատարկությունը! Անամպ երկինք է հիմա երևակայությունս, անարեգակ խավար։ Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս— քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես։ Անցյալ ձմեռվա ընթացքում Երևանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական։ Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա —

Թուղթ երրորդ

Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ—ու տեղը թողեց—բաց տարածություն։ Շատ ուրախ եմ։ Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը։ Շնորհակալ եմ 1923 թվի Երևանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել! Եվ կբեղմնավորվի՞