Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փորձն էլ (Մայակովսկուն հայացնելու) նույն օրենքին է ենթարկվում։ Փողոցը, խոշոր քաղաքի փողոցը, դարձել է... «քուչա»։ Այսինքն պրովինցիալ քաղաքի քոսոտ փողոց, ուր այնքան հասկանալի է երեխաների այն հոգեբանությունը, որ եթե «պլոշչադ» ասեն հրապարակին—քոսոտ մեյդանը կդառնա խոշոր քաղաքի եռուն հրապարակ։ Կամ եթե դույլին «վեդրո» ասեն` կստացվի իսկական խոշոր քաղաքի «խոսակցություն»!! — Ինչո՞ւ վեդրո, և ոչ դույլ, երբ այդ դույլը կա։ Հասկանում ենք «պրոպելլեր». —հայերենում «պրոպելլեր» չկա։ Ոչ միայն բառը, այլ ինքը ևս չկա։ Եվ կարծում ենք, որ հենց այս տխուր հանգամանքն է պատճառը, որ Աբովի գրքույկում բովանդակություն չկա։ Ճիշտ է, իհարկե, Եսենինից մեջ բերած՝


Человек в этом мире не бревенчатый дом
Не всегда перестроишь наново9

այբբենական ճշմարտությունը։ Բայց ճիշտ է և այն, որ ոչ միայն ուրիշներին է հարկավոր մատնանշել այդ, այլև ինքդ պիտի հետևես այդ հասարակ ճշմարտությանը։ Որքան էլ Մոսկվա նստես ու պրոպելլեր թռցնես (երեխաները սիրում են այդ խաղը)—շատ հեռու չես թռչի՝ շատ-շատ կընկնես հարևան «քուչեն»։ Նկատեցեք «քուչեն», և ոչ թե փողոցը։ Որովհետև ստեղծագործությունը ևս մի օրենք ունի, որ նույնքան է անողոք ու անխախտ, որքան ձգողության օրենքը։ Ահավասիկ.

— ստեղծադործողը, ինչքան էլ վեր-վեր թռչի, նրա հոգեդրսևորման ունակությանց մակարդակը լավագույն դեպքում հավասար կլինի իր շրջապատի կուլտուր֊տեխնիկական միջոցների (կենցաղ, լեզու և այլն) մակարդակին։ Ոչ ավել, ոչ պակաս—լավագույն դեպքում «Պլոշչադը» չի օգնի, ոչ էլ կօգնի «վեդրոն»։