Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկնամ և եթե համոզվիմ, որ պարկեշտ մարդիկ են, ան ատեն ես գիտեմ ընելիքս… թող նայինք որ Հաճի Թումիկին խաղ կխաղըցվի՞ մի…

Այս առաջարկը մեծ հոժարությամբ ընդունեց երիտասարդը։

− Քալե երթանք,− ըսավ, ոտքի ելլելով։

Եվ երկուքը միասին դուրս ելան գինետունեն։

− Նախ «Օսման պեյ» հանդիպինք,− ըսավ ճամփան Սերգիս,– որովհետև Գարեգին հոն ինծի կսպասե կոր։

Երբ սրճարանեն ներս մտան, Գարեգին չկրցավ զարմանքը ծածկել իր բարեկամը տեսնելով գինեպանին հետ։

− Ահա թշնամիդ քեզի կբերեմ,− ըսավ Սերգիս խնդալով։

Հետո նստեցան ու բավական խոսակցելե ետքը, երեքը միասին ուղղվեցան Սաթենիկի տունը։

Դուռը զարկին․ բայց բավական սպասելե ետքը, տեսնելով բացող չի կար, Գարեգին կրկին դուռը զարկավ, այս անգամ ավելի ուժգին։ Քիչ հետո վերջապես Սաթենիկ եկավ դուռը բանալու, հուզված, այլայլված դեմքով մը, աչքերը արցունքոտ։

− Ի՞նչ ունիք, ի՞նչ եղավ, տիկին,− հարցուց Գարեգին անոր տակնուվրա վիճակը տեսնելով։

Հետո, իրեն ընկերացողները ներկայացնելով ըսավ,

− Պ. Սերգիս Սմբատյան, դպրոցական ընկեր և մտերիմ բարեկամս… Հաճի Թումիկ…

Այս անունը լսելով տիկին Սաթենիկ ահռելի աղաղակ մը արձակեց։ Երիտասարդը՝ շվարսծ՝ քովը փութաց և զայն առաջնորդեց գետնահարկի վրա գտնված սենյակը, որ արդեն իրեն իբրև նստելու սենյակ կծառայեր։

− Բայց ինչո՞ւ այսպես հուզվեցաք,− հարցուց կրկին երիտասարդը. մինչ մյուս երկու մարդիկը բակը մնացեր էին, առանց ներս մտնել համարձակելու…

- Այդ մարդն է, որ ինծի դեմ հանրագրություն ստորագրել կուտա կոր,− հեկեկաց թշվառ կինը։

− Մենք ալ ճիշտ ատոր համար եկանք, հիմա ինքն ալ համոզված է, թե վատ գործ մըն է ըրած․․․ կաղաչեմ, հանդարտեցեք. մենք ամեն բան բացատրեցինք իրեն…

Եվ Գարեգին դուրս ելլելով՝ սենյակ մտցուց Սերգիսն ու Հաճի Թումիկը, որ ինքն ալ հուզված կթվեր իր անունին առաջ բերած ազդեցութենեն։