հարուստ, ազդեցիկ է ու ձեզի կջախջախե, դուք ի՞նչպես կրնաք անոր հետ գլուխ ելլել…
Իմաստուն խոսքեր էին ասոնք, որոնց հարկ էր ականջ դնել, սակայն քիչ ժամանակ ետքը, օր մը, Շուշանիկի մայրը ուզած էր փորձ մը ևս ընել, այս անգամ ուղղակի, և ելած Ղուկաս էֆենտիի գրասենյակը գացած էր։
Վաճառականը նախատալից խոսքերու տարափով մը վռնտած էր զայն և հետո իր սպառնալիքն ալ ի գործ դրած էր, Աղքատախնամեն անոնց տրված նպաստն ալ դադարեցնելով։
Ահա այս անլուր պատմությունն էր, որ Հաճի Թամիկ և Սերգիս գացեր լսեր էին մանրամասնորեն։
Գինեպանն ու երիտասարդը երկարորեն խորհրդակցություններ կատարեցին, քանի մը անգամ կրկին գացին եկան Շուշանիկի տունը և շաբաթ իրիկուն մըն ալ, երբ ըստ սովորականին, գինետան մեջ ծանոթ հաճախորդներ օղի կխմեին, Հաճի Թումիկ հաղթական՝ ըսավ իր մարդոց.
— Վաղը առտու Երրորդության ժամը գտնվեցեք, աղվոր սեյիր կա, Ղուկաս էֆենտին իր փառքը պիտի առնե։
Այս խոսքերը, գինեպանին հեղինակավոր բերնին մեջ, մեծ նշանակություն մը կառնեին և բոլոր ներկաները զգացին, թե հետևյալ օր իրավցնե կարևոր դեպք մը պիտի պատահեր։
Ոմանք փորձեցին քիչ մը ավելի տեղեկություն առնել, սակայն. Հաճի Թումիկ խորհրդավոր լռություն մը պահեց.
— Վաղը եկեք, որ տեսնեք,— կկրկներ միայն։
Այդ կիրակին ճիշտ այն օրն էր, որ Լևոն և Ռոզիկ պիտի երթային եկեղեցի, ըստ Ղուկաս էֆենտիի խորհրդին, որպեսզի չարախոս ու բամբասող բերաններ միանգամայն ընդմիշտ լռեն։
Առտուն կանուխ Ղուկաս էֆենտի արդեն գացած էր նախագահելու Աղքատախնամին։ Բակին մեջ նշմարած էր Հաճի Թումիկ աղան, որ վեր վար կպտտեր, պատերազմի պատրաստվող զորապետի մը տենդոտ քայլվածքով։
— Բարև, էֆենտի,— ըսած էր գինեպանը, երբ վաճառականը իր քովեն անցած էր Աղքատախնամի գրասենյակը ուղղվելու համար։