Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ երեքը մեկ ուղղվեցան սեղանատուն։

Նույն օրը, ինչպես ըսինք, տանը մեջ իրարանցում կտիրեր։

Ղուկաս էֆենտիի անդրանիկ աղջիկը, օրիորդ Ռոզիկ, աղջիկտեսի պիտի ելլար կեսօրեն ետքը, խորհրդավոր աղջիկտես մը, որու մասին իրենց ծանոթներեն ոչ ոք բան մը գիտեր։ Մանչը Փարիզեն էր, հոն հաստատված հարուստ ակնավաճառ մը, որ իր մորը հետ եկած էր Պոլիս, միմիայն ամուսնանալու նպատակով։ Աղեկ պատառ մըն էր, զոր պետք չէր ձեռքե փախցնել և ասոր համար ամեն զգուշություն կընեին, որպեսզի ձայնը դուրս չելլա և աս ու ան խոսք-չխառնեն ու գործը չավրեն։

Տղան հազիվ շաբաթե մը ի վեր հասած էր Պոլիս և մորը հետ իջած էր Բերա՝ Պրիսթոլ պանդոկը և տակավին ընտանեկան հարաբերություններ չէր հաստատած, իր գալուստը թերթերը միայն ծանուցած էին, գրելով, թե՝ «Փարիզաբնակ ծանոթ ակնավաճառ ազնվաշուք Լևոն էֆ. Կոկիկյան իր ազնվափայլ մորը հետ մայրաքաղաքս եկած էր քիչ մը ժամանակի համար», հետո ավելցուցած էին, որ «Կոկիկյան էֆենտի ձեռներեց և գործունյա երիտասարդ մըն էր, որ քիչ ժամանակի մեջ հաջողած էր իրեն փայլուն դիրք մը շինել Փարիզի հրապարակին վրա»։

Բարեկամ մը Փարիզեն նամակով հանձնարարած էր ակնավաճառը Ղուկաս էֆենտիի, հայտնելով, թե երիտասարդը ամուսնանալու դիտավորությամբ Պոլիս կուգար։ Ղուկաս էֆենտի փութացած էր Սիրքեճիի կայարանը՝ դիմավորելու համար Լևոն էֆենտիին, որուն մեջ իսկույն ապագա փեսացու մը տեսած էր և զայն առաջնորդած էր պանդոկը։

Լևոնի մայրը շուտով հայտնած էր Ղուկաս էֆենտիի, թե ինչ նպատակով եկած էին Պոլիս և խնդրած էր անկե, որ իր աջակցությունը չխնայե իրենց, որովհետև իրենք երկար տարիներե ի վեր Փարիզ հաստատված ըլլալով՝ հարաբերություն չունեին պոլսական բարձր դասու ընտանիքներուն հետ։

Ճշմարտությունն այն էր, որ Լևոն Կոկիկյան Ենիգաբուցի աննշան ոսկերիչի մը զավակն էր, որ իր հոր մահվնեն ետքը, փոքրիկ դրամագլուխով մը Փարիզ գացած ու նախ ակնագործի մը քով իբրև աշկերտ օրականով աշխատելե ետքը, գոհարեղենի միջնորդ՝ և ի վերջո վաճառական եղած էր. իր հայ շուկացիի աչքաբացության շնորհիվ կրցած էր բավական մեծկակ հարստություն մը դիզել և հիմա ինքն ալ իր կարգին ջոջ հարուստ մը ըլլալով, հետամուտ