− Թող տվեք զիս, ես անմեղ եմ… ինծի խաբեց, չըսավ, որ ատանկ գեշ միտք մը ուներ… ես չէի գիտեր։
Այս խոսքերը, որոնք կհաստատեին վաճառականին հանցապարտությունը, ավելի գրգռեցին հոն հավաքվողները։
− Ո՞վ կխաբես կոր, ծո՛, խայտառա՛կ, ո՞վ չգիտեր քու ինչ ըլլալդ…− պոռաց մեկը, որ տեղյակ էր Միքայելի սիրային միջնորդություններուն։
− Խայտառակ մարդ, աստուծմե եղավ, որ այս բաները օրթան ելան տե ամեն մարդ հասկցավ անբարոյական, անպատիվ մարդ ըլլալդ…
Ղուկաս էֆենտի գլուխը վեր վերցուց և տեսավ, թե տիկին Անթառամն էր, որ իրեն մոտեցած, այդ խոսքերը կնետեր երեսին։ Այն ատեն, ծայրահեղ գրգռության մը մեջ, պաղարյունությունը կորսնցնելով, ինքն ալ պոռաց Անթառամի երեսին.
− Հելե դուն սուս եղիր, Թոփ Գափուցի Պայրախտար Սուրբիկին աղջիկը չե՞ս մի… որ սիրականեդ ունեցած փիճդ իթրև հարազատ կլլեցնել կուզես… անպատիվ անբարոյականը դուն ես, խալթա՛խ…
Անթառամի երակներուն մեջ հանկարծ սկսավ եռալ Պայրախտար Սուրբիկի արյունը, մեկ կողմ նետեց կեղծ համեստությունն ու հանըմությունը և բարկութենե դողահար ձայնով մը պատասխանեց.
− Այդ խալթախին փիճին աղջիկդ տալու համար չէ՞ր քի կտոր-կտոր եղար, ամեն խաղ, ամեն խաբեբայություն ըրիր․․․ հա, հրամմեր ես, Թոփ Գափուցի Պայրախտար Սուրբիկին աղջիկն եմ… ատիկա ասոր չիմացար, ամա թեք աղջիկդ տղուս գլուխը փաթթելու համար, պետք ըլլար նե… ալ պիտի պագնեիր…
Եվ ահա, փոխն ի փոխ, լուտանքներու հեղեղ մը սկսան թափել իրարու գլխին, մինչ բազմությունը, որուն մեջ եկեղեցիեն ելնող ծանոթ ընտանիքներ ալ կային, ապշահար հանդիսատես կըլլար այս խաղքության։
− Ամենուդ ալ աստված պելան տա,− լսվեցավ Հաճի Թումիկի գոռացող ձայնը,− ամեն խաղքություն, ամեն անպատվություն, ամեն գեշություն կընեք, անկե ալ նորեն ինքզինքնիդ պատվավոր ծախել կուզեք, որովհետև փարա ունիք, հա՞… թո՜ւ ձեր երեսին, մենք աղքատ մարդիկ ենք, բայց ատանկ խաղքություններ չունեինք մեջերնիս, մեյ մըն ալ ելեր ազգին մեծերը եղեր եք, աս ու ան