− Ողջ առողջ ու միասին են եղեր, ալ հանդարտե:
− Բայց ո՞ւր են, ինչո՞ւ կծածկվին,− դիտել տվավ տիկին թագուհի,− ինչո՞ւ քիչ մը ավելի տեղեկություն չէ տվեր։
− Ո՞ւր պիտի ըլլան, տղա չեն, որ կորսվին, առանց դրամի ալ չեն, որ անոթի մնան, հավանորեն հեռացած են Պոլսեն, քանի մը օր համբերե ու ամեն բան կիմանանք, հիմա խնդիրը այն է, որ աղջիկնիս ողջ առողջ է եղեր…
Եվ Ղուկաս էֆենտի, ուրախ զվարթ, գրպանեն սիկարեթ մը հանեց և սկսավ ծխել:
− Նորեն չորս ոտքի վրա ինկա,− կմտածեր ինքնիրեն.– հավանորեն տեղ մը պիտի երթան պսակվին ու ամեն բան լմննա… ես ալ դրամօժիտեն ու հարսնիքի ծախքերեն ազատ պիտի մնամ, երեք հազար ոսկին գասայես չպիտի ելլե։ Անթառամին ալ հախեն եկած պիտի ըլլամ… բայց այս ու ան միսերնիս պիտի ուտեն եղեր, քանի մը շաբաթ վրանիս պիտի խոսին եղեր, թող ուզածնուն չափ հաչեն… աչքես քանի մը հարյուր ոսկի հանելուս պես, սանկ հիվանդանոցի, որբանոցի, աղքատախնամի նվեր և այլն. քանի մը ոսկի ալ թերթերուն, նորեն կըլլամ ալ ավելի պատվավոր Ղուկաս էֆենտի մը։
Այս սփոփարար խորհրդածություններեն ետքը, Ղուկաս էֆենտի սեղան նստավ և կուշտ ու կուռ փառավոր ճաշ մը ըրավ։
− Կնիկ,− կկրկներ ատեն-ատեն տիկին Թագուհիի ուղղելով, որ միշտ մտահոգ երևույթ մը ուներ,− նստած տեղերնիս երեք հազար ոսկի շահեցանք, հարսնիքի ծախքերն ալ զատ…
Սակայն դառնանք Ռոզիկի ու Լևոնի քով։
Ինչպես ըսինք, Ս. Երրորդության բակին մեջ տեղի ունեցած գայթակղական տեսարանին ատեն, Լևոն և Ռոզիկ եկեղեցիին դռան առջև կեցած էին։ Հոնկե հանդիսատես եղած էին ամբողջ խաղքությանը, Ղուկաս էֆենտիի և տիկին Անթառամին ընդհարումին, իրարու երես նետած անլուր նախատինքներուն ու պժգալի հայտնություններուն, և երկունքն ալ միևնույն զգայությունը ունեցած էին, այսինքն թե՝ նույն րոպեին իրենց երջանկությունն էր, որ կխորտակվեր, իրենց միությունը՝ որ անկարելի կդառնար…
Ու երիտասարդը հանկարծ գերագույն որոշում մը տված էր։
Բազմության և իրարանցումին մեջ քաշքշելով դուրս հանած էր Ռոզիկը. կառք մը դրած և գոչած էր կառավարին.