հյուրերը և նույնիսկ այնպես մը ցույց տվավ, որ իր գիտակցությամբը եղած էր ամեն բան։
− Էֆենտիմ,− կբացատրեր,− կիրակի օր մը, հարսնիքեն շաբաթ մը աոաջ, հեռագիր մը եկավ փեսիս, որով իրեն անմիջապես Փարիզ էրթալը անհրաժեշտ կդառնար, ամենակարևոր գործի մը համար։ Մտածեցինք որ, եթե նորեն մեկներ ու հարսնիքը հետաձգվեր, կարգ մը անհիմն տարաձայնություններու տեղի պիտի տրվեր, ուստի ըսինք, որ թող հարսնիքը Փարիզ կատարվի լմննա երթա, և երկուքը մեկեն կիրակի օր ճամփա դրինք… հիմա ասդին խոսք են հաներ, թե իբր թե մենե զաղտուկ փախեր են, մենք լուր չունինք եղեր, սանկ է եղեր, նանկ է եղեր, սխալ, էֆենտիմ, ամեն բան մեր կամքով, մեր որոշումով եղավ… արդեն փախչելու ի՞նչ կար, քանի որ շաբաթե մը պիտի ամուսնանային, միայն թե անակնկալ հեռագրին վրա պարտավորվեցանք այդպես ընել․․․ ես մտածեցի, որ աղջկանս հարսանիքին ծախսելիք դրամս ազգին որբերուն ու աղքատներուն կուտամ, թող անոնք ալ քիչ մը խնդան։
− Շատ աղեկ մտածեր եք, Ղուկաս էֆենտի,− կպատասխաներ բարեկամներեն մեկը,− երբ որ թերթին մեջ կարդացի ըրած նվիրատվությունդ «կեցցե Ղուկաս էֆենտի», ըսի մտքես… ամեն կարդացողներն ալ ինծի պես ծափ զարկին։
− Պարտականութ յուննիս է էֆենտիմ, ունեցողը չունեցողին տալու է, ավետարանը այնպես կպատվիրե… պատիվը, բտրոյականը, ճանաչող մարդը պետք չէ որ այս տեսակ բաներու մեջ պարտազանց գտնվի։
Եվ այսպես, Ղուկաս էֆենտի նորեն կհաղթանակեր ու կվերահաստատվեր իր «պատվավորության» մեջ։
Իրավ, կային մեկ քանիներ, որոնք եկեղեցիին բակը տեղի ունեցած գայթակղությունը իբրև անջնջելի անպատվություն մը կհամարեին վաճառականին համար, մանավանդ Շուշանիկի բռնաբարման անհերքելի իրողությունը, սակայն մեծամասնությունը ներողամիտ էր։
− Ճանըմ, իրար անցնելիք բան չկա,− կըսեին,− եղածը ինչ է, կար կարող աղջիկ մը ավրեր է, ի՜նչ կըլլա եղեր, ճանչցված մեկու մը, ազնվականի աղջիկ չէ յա… ան չավրեր նե՝ ուրիշը պիտի ավրեր… ասկե զատ նայինք իրա՞վ է, կարելի է զրպարտություն կընեն կոր։