խաղքութենեն խորապես հուզված՝ ամոթահար և սրտաբեկ՝ ձգած հեռացած էր Պոլսեն, ուզելով այս կերպով վերջ մը դնել իր ամուսնության խորհուրդին և անշուշտ մեկ քանի օրեն գրավոր կերպով իր որոշումը պիտի հայտներ աղջկան ծնողքին։
− Խեղճ զավակս,− կըսեր Անթառամ,− սիրտը տված էր այդ անշնորհք աղջկան և կերևա որ չուզեց հոս մնալով նշանտուքը ետ ընել ու առավ քալեց, վախնալով․ որ եթե հոս մնա, խզելու քաջությունը չպիտի ունենա։
Նույն ենթադրությունը կըներ նաև Տ. Միքիաս քահանան։ Եվ երկուքն ալ անհամբեր կսպասեին բացատրական նամակի մը, լրջորեն վերսկսելու համար իրենց բանակցաթյունները Սմսարյանենց հետ։
Եվ ահա հանկարծ՝ քահանան՝ առտու մը ամուսնության լուրը կարդաց թերթին մեջ։
Ասիկա շանթի հարված մը եղավ իրեն համար։
− Վայ շունշանորդի,− կկրկներ,− նորեն հաջողեցավ։
Բայց մտածում մը ունեցավ.
− Գուցե,− ըսավ,− սուտ է այդ լուրը, Ղուկաս էֆենտիի կողմեն հնարված ոևէ թաքուն նպատակով մը։
Եվ որոշեց երթալ անմիջապես տիկին Անթառամը տեսնել, իմանալու համար թե տեղեկություն մը ունե՞ր լրագրին հաղորդած լուրեն։
− Լրագիրը կարդացի՞ր,– հարցուց, հազիվ թե սենյակեն ներս մտած էր ու զայն ողջունած։
− Ի՞նչ լրագիր, ես լրագիր չեմ կարդար,− պատասխանեց Անթառամ։
− Ուրեմն ես կարդամ և դուն մտիկ ըրե։
Եվ Տ. Միքիաս կարդաց Լևոնի ու Ռոզիկի ամուսնությունը ծանուցնող տողերը։
Երբ ընթերցումը լմնցուց․
− Ի՞նչ կըսես ասոր,– գոչեց,– ինծի այնպես կուգա, որ ծայրե ծայր սուտ է ու նորեն Ղուկաս էֆենտիի մեկ խաղն է։
− Սուտ չէ, ծայրե ի ծայր շիտակ է,− պատասխանեց Անթառամ ընկճված կերպարանքով մը։
− Ինչպե՞ս, դուն ալ մասնավոր լուր ունի՞ս,– գոչեց Տ. Միքիաս։