Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ մը աշխատի ինքզինքը սիրցնե, մենակ մեր աշխատելովը չըլլար…

− Այդ մասին դուն հոգ մի ըներ, ես պետք եղած խրատը տվի իրեն,− ըսավ Թագուհի խորհրդավոր կերպով։

Ղուկաս էֆենտի իրենց տալիք այցելության առթիվ, որ վճռական ճակատամարտի մը կարևորությունը ուներ, այնքան ջղագրգիռ վիճակ մը ստացած էր, որ տան մեջ անտանելի կդառնար ամենուն։ Կուզեր արդուզարդի ամենափոքր մանրամասնություններուն հսկել, աղջկանը մազի հարդարումին դիտողություններ ընել։ Նույնիսկ ուզեց, որ երեսը քիչ մը շպարե, առարկելով՝ թե նույն օրը քիչ մը դեմքը տժգույն էր։ Սակայն Ռոզիկ ընդդիմացավ, այդ կեղծ շպարանքը իր արժանապատվությունը կվիրավորեր, չէր ուզեր ընդունել, թե իր գեղեցկությունը կարկտնելու պետք ուներ։

− Կուզեն հավնին, կուզեն չհավնին, մեռնելու չեմ յա,− գոչեց ի վերջո, զայրագնոտ շեշտով մը, երբ հայրը նորանոր հրահանգներ կուտար իրեն։

Եվ սակայն ներքնապես ատանկ չէր խորհեր, ընդհակառակը, բուռն կիրքով մը կբաղձար գործին հաջողության, մանավանդ հիմա, երբ հավանական մրցակից մը կցցվեր իր դեմը։ Մայրը, առտուն, պատմած էր իրեն առջի իրիկվան Ղուկաս էֆենտիի հանդիպումը Աբգար էֆենտիի և Հերմինեի հետ և իրենց միջև փոխանակված խոսակցությունը, և որպեսզի աղջիկը ավելի գրգռե, կրցածին չափ հաճո ըլլալու ակնավաճառ երիտասարդին, վտանգը ավելի մեծցուցած էր, այնպես որ՝ Ռոզիկ՝ հայելիին առջև իր մազերը շիտկած միջոցին, մտովի բաղդատություններ կըներ իր ու Հերմինեի միջև և տեսակ մը դառնությամբ ինքնիրեն կստիպվեր խոստովանելու անոր առավելությունները։ Եվ այս բանը տեսակ մը կատաղությամբ կլնուր զինքը։

Այս վայրկյանիս պարզապես կատեր Հերմինեին՝ որուն հետ մտերմական բարեկամությամբ մը կապված էր սակայն։ Ու կխորհեր օգտվիլ մորը տված խրատներեն, երիտասարդին հանդեպ պչրանքները կրկնապատկել, իր մարմնական ու մտային ամեն մեկ արժանիքը երևան հանել, անոր աչքը խոթել:

− Հերմինեն թեև շատ աղվոր է, բայց համարձակություն չունի,− կմտածեր,− մանավանդ երբ անծանոթ երիտասարդի մը հետ առաջին անգամ կգտնվի, ես իրմե պզտիկ ըլլալով հանդերձ շատ ավելի համարձակ եմ…