այսինքն առուտուրի մարդիկ, կհասկնա՞ք… ես այս ծառայությունը պիտի մատուցանեմ ձեզի, քանի որ կխնդրեք, բայց փոխարենն ալ էս ձենե բան մը պիտի խնդրեմ… միթե արդարությունը այնպես չէ՞ աշխարհի մեջ. ամեն բան փոխանակությամբ կըլլա, միայն աստված է, որ կուտա, առանց փոխարեն բան մը առնել…
− Բայց ես ինչպե՞ս կրնամ փոխարինել ձեր ընելիքը։
Քերովբե էֆենտի կրկին իր ձեռքերուն մեջ առավ Երանիկի ձեռքերը, անոր ականջն ի վար քանի մը խոսքեր մրմնջաց, հետո առանց ականջ կախելու թեթև ընդդիմության մը, զայն իր թներուն մեջ առավ…
Երանիկ, ընկճված ու տխուր, դուրս եկավ Քերովբե էֆենտիի գրասենյակեն և ուղղվեցավ կամուրջը, Սարը Յարի շոգենավը մտնելու համար։
− Թող ասիկա վերջին զոհողությունն ըլլա,− կմտածեր ինքնիրեն, տխուր համակերպությամբ մը,− գոնե ասով իրմե խոստում առի թե Սամսոնի մեջ պիտի կրնամ ապրիլ էրկանս քով։ Քանի մը օրեն պատրաստությունս կտեսնամ ու կմեկնիմ, տակավին քույրս Փարիզեն չվերադարձած, ու ալ ամեն բան վերջացած կըլլա…
Նույն իրիկունը, Քերովբե էֆենտի հաղթական ու ծաղրածու, գնաց գտավ իր բարեկամը՝ Ղուկաս էֆենտին։ Նախ կուզեր իր հաջողությունը պատմել անոր, հետո Երանիկի ամուսնույն խնդիրը կարգադրել։ Իրավ է թե իր ցանկության հագուրդ տալու համար խեղճ կնոջ խոստացած էր իրենց ապագան ապահովել, բայց այս խոստումը չէր կարող գործադրել, առանց Ղուկաս էֆենտիի հավանության և ասոր համար կուզեր փորձ մը ընել, թեև շատ կկասկածեր իր հաջողության մասին։
− Չես ըսեր, այսօր գլխուս եկածը,− ըսավ Ղւկաս էֆենտիի գրասենյակեն ներս մտնելով, մինչ վաճառականը, իր գործերը ավարտած, կպատրաստվեր դուրս ելլել։
− Խեր ըլլա, ի՞նչ կա։
− Խելքե մտքե չանցած այցելություն մը ընդունեցի։
− Ի՞նչ այցելություն, ըսե՛ տեսնենք։
− Տիկին Երանիկը ինծի եկավ։