− Խենթ խոսքեր,− մռլտաց ամուսինը քթին տակեն, նեղացած կերպարանքով մը։
Քանի մը վայրկյան ետքը Պողոս էֆ. տանեն կմեկներ եկեղեցի։
Ժամկոչի այս խնդիրը չափազանց կնեղացներ զինքը։ Անշուշտ եթե կնոջը ընդդիմությունը չըլլար, շատ դյուրավ խնդիրը կգոցվեր Վարդանը ճամփելով, բայց ահա հիմա այդ տեսակ կարգադրություն մը ամբողջ իր ընտանեկան հարկին խաղաղությունը պիտի վրդովեր։ Պողոս էֆ. գիտեր իր կնոջ համառ բնությունը և այս բանն էր, որ երկյուղ կպատճառեր իրեն։ «Եթե ճամփենք ալ տարին տասներկու ամիս Վարդան աղբոր խոսքը պիտի լսենք տանը մեջ», կմտմտար փողոցը քալած միջոցին։
Պողոս էֆ. շատ կարևորություն չէր տար Շազիկի՝ մորը տունը երթալու սպառնալիքին և կզգար, թե պարզապես պլըֆ մըն էր ատիկա, բայց կերևակայեր այն տեսարանները, որոնք պիտի պարզվեին Վարդան աղբոր ճամփվելեն ետքը իր և կնոջ միջև և այդ հեռապատկերը կսարսափեցներ զինքը։
Հոգեկան այս խռովքներուն մեջ Պողոս էֆ. մտավ խորհրդարան, ուր արդեն իրեն կսպասեին Մանուկ և Ռափիկ աղաները։
− Արդյոք ո՞ւշ մնացի,− ըսավ ինքզինք չքմեղացնելու ձևով մը։
− Չէ՛,– փութաց պատասխանել Ռափիկ աղա,− մենք ալ հիմա եկանք։
Մանուկ ժամացույցը նայեցավ ու ըսավ։
− Ատենը ուշ է, ամենքս ալ մեր զբաղմունքները ունինք, շուտով մը սա գործը լմնցնենք ու երթանք․․․ Վարղանին հաշիվը նայեցանք, 55 ղրշ. առնելիք ունի եղեր, դրամը տանք ու ճամփենք։
Պողոս էֆ. մտածկոտ՝ չպատասխանեց։
− Կանչե՞նք Վարդանը,− հարցուց Մանուկ։
− Կեցի՛ր, նախ խորհրդակցինք,− ըսավ Պողոս էֆ.,− աճապարանքով գործ չտեսնենք…
− Կարծեմ խորհրդակցությունը էրեկվընե կատարեցինք։
− Այո՛, բայց մեր մյուս ընկերներուն կարծիքը չառնվեցավ,− դիտել տվավ Պողոս էֆենտի։
− Ի՞նչ հարկ, Պողոս էֆ., թաղական խորհուրդը արդեն հինգ անդամներե կբաղկանա, քանի որ երկուքը հրաժարած են, հետևաբար մեր երեքին տված որոշումը մեծամասնության որոշումն է։
− Այնպես է, բայց… թերևս հետո մեր ընկերները դիտողություն կընեն։