Ընկեր Կայծունի՝ թեև Պոլսեցի՝ բայց կուսակցական ըլլալեն ի վեր ռուսահայ ասացվածքներ կգործածեր հաճախ իր ուղղափառութունը շեշտելու համար։
− Իրավունք ունիք, բոլորն ալ դատարկապորտներ են, երես տալիք մարդիկ չեն… ատոնց գլուխն Աուսերյանցն է եղեր։
− Երևի այդպես է։
− Ինդո՞ր մարդ է։
− Մի բախտախնդիր արարած, մի խաչագող․․․
− Բայց լեզուն բերանին մեջ կդառնա կոր։
− Մեկ քանի խոսքեր գոց ըրած է, միշտ անոնք կկրկնե. հռետորական կարողություն չունի։
− Այդ ապուշները ինծի դե՞մ են ելեր։
− Ի՞նչ կարևորություն ունի… նրանք կփորձեն պղտոր ջուրի մեջ ձուկ որսալ…
− Դո՞ւք ավելի բազմաթիվ եք, թե անոնք։
− Իհարկե մենք, թաղին ամբողջ մտավորականությունը մեր կողմն է։
− Ինծի ալ անանկ կուգա կոր։ Դուք ժամ առաջ սա թատերական ներկայացումը կազմակերպեցեք, ես հանձն կառնեմ տոմսակները սպառելու և առնվազն 40-50 ոսկի ձեզի զուտ շահ մը ապահովելու։
Այս հեռապատկերը բոլորովին շլացուց ընկեր Կայծունին, որ չէր գիտեր ինչպես հայտներ իր շնորհակալիքը։
− Դուք սա ժամկոչի խնդրին մեջ ինծի միացեք,− հայտարարեց Մարգար էֆ․,− ատով լավագույն շնորհակալությունը հայտնած կըլլաք։ Ասկե զատ, միայն թատերական ներկայացումով գոհ չպիտի ըլլամ, դեռ ուրիշ դիտավորություններ ալ ունիմ ձեր լսարանի մասին, բայց հետո… նախ ժամկոչին խնդիրը լմննա, թաղը հանդարտի, այն ատեն երկարորեն կտեսնվինք։
− Ժամկոչի հարցը մեզի համար սկզբունքային խնդիր է և պետք է պայքար մղենք մինչև ետքը…
− Պրավո՛,− զոչեց Մարգար էֆենտի,− շատ շիտակ կխոսիս, ճիշտ ինծի համար ալ սկզբունքի խնդիր է ասիկա և անոր համար մեջ մտած եմ. եթե ոչ ո՞վ կզբաղի խմպըլ ժամկոչով մը, ոչ իմ դիրքս, ոչ ալ իմ ժամանակս կներե։
Մինչ Մարգար էֆենտի այսպես «Պայքար Լսարանը» իրեն կապահովեր,