Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մուշտակյանը իսկույն փութաց Պատրիարքին։

− Անմիջապես իմ կողմես նամակ մը գրե,− հրամայեց Պատրիարքը,− Ք. Գյուղի Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտիին և ըսե, թե կարևոր խնդրի մը մասին իրեն հետ տեսակցիլ կուզեմ վաղը Ղալաթիո Խորհրդարանը։

− Շատ աղեկ, Սրբազան։

Եվ քարտուղարը աներևույթ եղավ։

− Դուն հոգ մի ըներ, ես անիկա կհամոզեմ,− ըսավ Սրբազանը Մարգար էֆենտիին,− և հրաժարական մը գրել կուտամ։

− Հոգ ընելու բան մը չի կա,− պատասխանեց վաճառականը,− իմ փափաքս այն է, որ պարապ տեղը խռովություն չըլլա… եթե ոչ, ես ատանկ բաներու չեմ խառնվիր… ոչ իմ դիրքս, ոչ իմ ազդեցությունս և ոչ ալ արժանապատվությունս կներեն, որ Պողոս էֆենտիի պես մարդոց հետ զբաղվիմ… Ուրեմն, Սրբազան Հայր, մնաք բարով։

− Երթաք բարով, Մարգար էֆենտի։

Վաճառականը սենյակեն դուրս եկավ։ Բարապանը այս անգամ ակնածանքով բարևի կեցած էր։ Մարգար էֆ. գրպանեն մեճիտիե մը հանեց, անոր տվավ և,

− Ծո՛, ավանա՛կ,− ըսավ,− ասկե ետքը նայե, որ Պատրիարքին քով եկող գացողները ճանչնաս և ինծի պես անձնավորության մը հետ վարվելու կերպը սորվիս։

− Կներեք, էֆենտի,− կմկմաց մյուսը,− չէի գիտեր… դեռ նոր եկած եմ։

Թ

− Վայ, Մյուսյու Թորգոմ, բարի եկաք, հրամմեցե՛ք, դուք ալ ընկեր Սուսերյանց, ներս հրամմեցեք։

Թաղականին կնիկը՝ տիկին Շազիկն էր, որ իր հյուրերը կպատվասիրեր, որոնք իր անվան տոնախմբությունը շնորհավորելու եկած էին։

Մատարյան, Տոսախյան, Միհրանիկ ու իր կին Նվարդ, խմբագիր պարոն Նշանիկ իր մորը հետ, թաղական Մկրտիչ աղա ու իր կինը, տիկին Շազիկի մեկ քանի ազգականուհիներն ու ազգականները, որոնք հեռավոր թաղերե եկած էին, և այլն։ Հոն էր նաև մանկապարտեզի վարժուհին, օրիորդ Շուշանիկ, զոր հատկապես