Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Քանի որ կհրամայեք, պատրաստ եմ ձեր կամքը կատարելու…

− Որ տունը որ մտնե, որ խանութը որ մտնե, մանրամասնորեն կգրես թուղթի մը վրա, անկե զատ եթե մեկու մը հետ խոսի, ան ալ կնշանակես։

− Բայց եթե այդ անձը անծանոթ ըլլա ինծի՞։

− Դեմքը, հագուստը, հասակը և այլն կնշանակես։

− Լա՛վ, այդ կերպով գործը կդյուրանա։

− Բայց կետ առ կետ պիտի կատարես ըսածս։

− Վստահ եղիր այդ մասին։

− Սա ալ ըսեմ, որ մեկ անգամեն չպիտի լմննա այս գործը։ Թերևս շաբաթե մը կամ երկու շաբաթեն կրկին հարկ ըլլա նույնը ընել։

− Երբ որ հրամայեք՝ պատրաստ եմ։

− Ասով ինծի անանկ ծառայություն մը մատուցած պիտի ըլլաս, որ քեզի ըրած բարիքներս փոխարինած պիտի ըլլաս։

− Երբեք չեմ կրնար փոխարինել ձեր բարիքները։

− Եվ ես քեզ երախտապարտ պիտի ըլլամ։

− Հավ լիցի, Մարգար էֆենտի, ի՞նչ կըսեք։

− Ընտանեկան պատիվս քեզի կվստահիմ կոր։

− Երախտապարտ եմ ձեր ցույց տված վստահության համար։

− Պետք չունիմ ըսելու, որ ոչ ոք պիտի իմանա այս բանը։

− Բնականաբար… այդ մասին ապահով եղեք։

Վաճառականը ժամացույցը նայեցավ։ Կեսօր եղած էր արդեն։

− Քեզի հետ մեկ ճաշ մը ընենք այստեղ,− ըսավ երիտասարդին։

− Ինչպես որ կհաճիք։

Ճաշի միջոցին վաճառականը նոր խոսակցություններու մեջ մտավ։ Ըսավ, թե իր կնոջ հավատարմության մասին թեև կասկած չուներ, բայց հեռուեն հեռու բաներ մը լսած էր և կուզեր ատոնց որ աստիճան հիմնավոր ըլլալը ստուգել։ Երիտասարդը իր պաշտպանին ընտանեկան այդ գաղտնիքները լսեց նախ զարմանքով, հետո հաճույքով ու գոհունակությամբ։

Կզգար թե իր կատարելիք գործը շատ պատվավոր բան մը չէր, բայց անհունորեն շահաբեր պիտի ըլլար իրեն համար։ Մարգար էֆ-ի պես մեկու մը մտերիմ խորհրդականը, անոր գաղտնեկիցը