Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ինչպե՞ս ոչինչ,− գոչեց Մարգար էֆենտի,− դարձյալ կփորձես ստել։

− Եվ ոչ իսկ բառ մը փոխանակեցինք իրարու հետ,− շարունակեց Սաթեն ամենայն հանդարտությամբ։ Գլխով բարև մը, այսչափ․․․ արդեն ան ներս մտնելեն անմիջապես ետքը ես դուրս ելա։

− Ան ալ ետևեդ…

− Տեղեկություն չունիմ, կրնա ըլլալ…

− Ի՞նչ խոսեցաք խանութին մեջ,− գոչեց Մարգար էֆ․ այլայլված ձայնով մը։

− Բառ մը չփոխանակեցինք,− կրկնեց կինը։

− Ընդհակառակը այսօրվան համար իրարու ժամադիր եղաք Հոֆմանի վաճառատան վերնահարկը,− ըսավ վաճառականը։

Տիկին Սաթեն իբրև պատասխան, քահ-քահ խնդաց։

Այս հեգնական ձևը ալ ավելի կատղեցուց վաճառականը, որ սպառնական ձայնով մը պոռաց․

− Ըսածներուս խնդալով պատասխան չտրվիր։

− Ընդհակառակը ուրիշ պատասխան չի կա տալիք… կկրկնեմ, բառ մը անգամ չփոխանակեցինք իրարու հետ… քանի որ, ինչպես կերևա, լրտեսներ դրած ես ետևես, որոնք ամեն շարժումներուս կհետևին և քեզի լուր կբերեն, գիտցած ըլլալու ես նաև, որ Թուլամիեին խանութին մեջ խոսք չփոխանակեցի Խոսրով էֆենտիի հետ, եթե ասոր հակառակը ըսող կա, թող դեմս ելլե…

Վաճառականը իսկույն չպատասխանեց։ Արդարև ապացույց մը չուներ, թե իր կինը շաքարավաճառին խանութին մեջ խոսած էր Խոսրով էֆենտիին հետ։ Պարզ ենթադրության՝ կասկածի վրա հիմնված էր ամեն բան։ Կրնար ըլլալ, որ Սաթեն ճշմարտությունը կխոսեր և այն ատեն իր բոլոր այս իրարանցումները ծիծաղելի կդառնային։ Կնոջ ընթացքը այս հրատապ խոսակցության սկիզբեն ի վեր, իր պահած անայլայլ պաղարյունությունը, ինքնավստահությունը և հեգնական շեշտը, որով իր էրկան բարկաճայթ խոսքերուն կպատասխաներ, և նպաստ իրեն փաստեր էին։

Տիկին Սաթեն տեսավ ամուսնույն վարանոտ կերպարանքը և հասկցավ, որ հաղթական դուրս պիտի գար այս պայքարեն։

− Կպահանջեմ, որ լրտեսդ երևան հանես ու միասին երեսվինք,– ըսավ,− չեմ ուզեր որ այս տեսակ սուտ զրպարտություններ հորինվին շուրջս…