Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետ հանդիսացավ, քանի որ մինչև հիմա պայքար մղեց՝ չի կրնար հրաժարիլ առանց նախապես մեր կամքը առնելու…

− Եվ սակայն հրաժարեցավ։

− Մենք չեղյալ կնկատենք թե անոր և թե ձեր հրաժարականը։

− Շնորհակալ եմ ձեր մեզ հանդեպ ցույց տված համակրութենեն, բայց…

− Հանուն ժողովրդին կպահանջենք, որ վաղն իսկ ձեր պաշտոնը շարունակեք։

− Ատիկա չըլլար․․․

− Հակառակ պարագային ձեզ բռնի պիտի տանինք Խորհրդարան…

− Կխնդրեմ, պարոն Սուսերյանց, տղայական խոսքեր մի ընեք։

− Ժողովրդին կամքը հարգեցեք…

− Մեր հրաժարականները անդառնալի են, ալ չխոսինք այդ մասին։

Հակառակ այս բացորոշ հայտարարության՝ ընկեր Սուսերյանց շարունակեց իր բողոքներն ու պահանջները հանուն ժողովրդին, հասարակական շահերուն, պրոլետարիատ դասակարգին, և այլն։ Մկրտիչ աղա անդրդվելի մնաց։

− Վաղը կտեսնվինք,− ըսավ վերջապես ընկեր Սուսերյանց ոտքի ելլելով։

Հետևյալ առտու «Հանրային Կարծիք»–ը սա լուրը կուտար․

«Առջի օր Ք. թաղի Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի Ս. Պատրիարք Հոր ներկայանալով անձամբ իր հրաժարականը մատույց ատենապետի պաշտոնին։ Խորհուրդի երկու մյուս անդամներն ալ իրենց գրավոր հրաժարականը ղրկած էին։

«Կլսենք թե սույն հրաժարականները պիտի ընդունվին և անմիջապես Նոր Թաղական Խորհուրդի ընտրության հրահանգ պիտի տրվի։ Այս կերպով կարելի պիտի ըլլա վերջ մը դնել Ք. թաղի խնդրին, որ բավական ժամանակե ի վեր կզբաղեցնե Վարչությունը»։

Այս անգամ Մարգար էֆ-ի հաղթանակը վճռական էր և իր կուսակիցներուն ուրախությունը չափ չուներ։ Ընկեր Կայծունի պահ մը խորհեցավ գիշերը լուսազարդել Շանթ լսարանը, բայց լսարանին