Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանի մը երիտասարդներ առաջ նետվեցան տուփը առնելու համար, բայց մյուս կողմեն ուրիշ երիտասարդներ զայն գրավեցին։

Այն ատեն «Շանթ»-ի անդամները հարձակեցան «Պայքար»-ի անդամներուն վրա և սարսափելի խառնիճաղանջ տիրեց եկեղեցիին մեջ։

− Ոստիկան, ոստիկան բերե՛ք,− պոռացին մեկ քանի ձայներ, բայց ոչ ոք ուշադրություն ըրավ։

Ավագերեցը խառնակության միջոցին քանի մը բռունցքի հարված ընդունեց և ճյուպպեն պատռվեցավ։ Ընտրական ժողովի անդամները կամաց մը կծիկը դրին:

Սուսերյանցի մեկ հրամանին վրա երիտասարդ մը սկսավ պատռել սեղանին վրա մոռցված քվեները և թուղթերը։

Բայց ամենեն կատաղի կռիվը կմղվեր քվեատուփին շուրջը: Վերջապես «Շանթի» անդամները կրցան զայն ձեռք անցնել և ոտքի հարվածով մը կոտրել և միջի քվեները ջնջել։ Հաղթանակը «Շանթ Ակումբ»-ին մնացած էր…

Երբ թաղին մեջ իմացվեցավ եկեղեցիին մեջ տեղի ունեցած դեպքերը, մեծ իրարանցում տեղի ունեցավ։ Մարգար էֆ-ի կուսակցությունը զայրացած՝ սպառնալիքներ սկսան տեղալ «Շանթ Ակումբ»-ին դեմ։

Չեզոքները, որ մինչև այդ օր հեռվեն դիտողներ եղած էին, իրենք ալ իրենց չեզոքութենեն ելլելով՝ միացան Մարգարյաններուն և բուռն կերպով բողոքեցին տեղի ունեցած բռնաբարության դեմ։

Հետևյալ օր, թերթերը երկարորեն կպատմեին Ք. թաղին մեջ տեղի ունեցած քվեարկությունը և այս առթիվ պատահած ցավալի դեպքերը և վարչության ուշադրությունը կհրավիրեին։

Մարգար էֆենտի երբ լսեց եղածները, ուրախացավ։

− Թող ինչ որ կրնան ընեն, որպեսզի աղվոր մը խաղք ըլլան,− ըսավ։

Երեք օր ետքը, չորեքշաբթի, Վարչությունը իր սովորական նիստը կգումարեր և կզբաղվեր Ք. թաղի ընտրության խնդրով։

Պատրիարքը, որ կնախագահեր ժողովին՝ սա կարծիքը հայտնեց։

− Էֆենտիմ, քանի որ թաղին մեջ երկու հակառակ կուսակցություններ