Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իրա՞վ է, Մարգա՛ր էֆենտի, որ Սուսերյանցը վարժարանի տեսուչ պիտի ընեք։

− Ո՞վ ըսավ,− գոչեց վաճառականը։

− Ամենուն բերանն է։

− Զարմանալի բան, դեռ այսօր գործի սկսանք, ու վարժարանով զբաղելու ժամանակ չունեցանք։

− Ես ալ երբ լսեցի, շատ զարմացա ու բնավ չհավատացի․․․ ալ թաղին մեջ մարդ չմնա՞ց, որ Սուսերյանցի պես խառնակիչ մը բերենք վարժարանի տեսուչ ընենք․․․ Ես արդեն ըսի, որ Մարգար էֆենտին երբեք այդպիսի հիմար բան չըներ…

− Երբոր վարժարանի խնդրով զբաղելու ատենը գա, այն ժամանակ կորոշենք, թե ինչ պետք է ընել,− պատասխանեց վաճառականը չոր ձայնով մը։

Բայց ընկեր Կայծունի այս պատասխանով չգոհացավ։

− Ինչ որոշում ալ տաք, կարելի չէ, որ Սոլսերյանցը վարժարանին մեջ պաշտոնավարե,− ըսավ։

− Ի՞նչ հրամմեցիր,− հարցուց Մարգար էֆենտի հեգնաբար։

− Այսինքն, ես անհատապես չեմ խոսիր այստեղ,− ըսավ Կայծունի քիչ մը շփոթված,− այլ հանրային կարծիքը կներկայացնեմ։

− Թաղական Խորհուրդը իր ընելիքը գիտե, պետք չունի ուրիշներու խրատին ու խորհրդին։

− Վարժարանը ամենուս կպատկանի։

− Կաղաչեմ, պարոն Կայծունի, չերկարեք այս վիճաբանությունը, հիմա ոչ ատենն է, և ոչ ալ տեղն է այս տեսակ խոսքերուն, իրար անցնելու պետք չունիք, ձեզի ըսինք, որ դեռ վարժարանի մասին ոևէ կարգադրություն չէ եղած… բայց հիմակվնե գիտցեք, որ ինչ որ հարմար գտնենք, այն պիտի ընենք… հասկցա՞ր մի, պարոն Կայծունի։

«Պայքար Լսարանի» նախագահը, տեսավ, որ եթե վիճաբանությունը շարունակեր՝ բոլորովին իրեն դեմ պիտի հաներ Մարգար էֆ.-ն, ինչ որ բնավ գործին չէր գար, իր դիտավորությունն էր միայն իրենց կորսնցուցած ազդեցությունը ձեռք բերել, և անով հակակշռել «Շանթ Ակումբ»-ին, որ կսկսեր գերակշիռ դիրք մը առնել։ Բայց դժբախտաբար չկրցավ հաջողիլ այդ դիտավորության մեջ, և ընդհակառակը վաճառականը իրենց դեմ գրգռեց։

Ներկաները, որոնք հետևած էին այս վիճաբանության, բնականաբար Մարգար էֆենտիին կողմը բռնեցին։