Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ամենքն ալ կստորագրեն, քանի մը ժամվան մեջ կրնամ հավաքել։

− Քեզի շաբաթ մը պայմանաժամ,− ըսավ վաճառականը,- որպեսզի կրցածիդ չափ շատ ստորագրություն հավաքես։

− Շաբաթվան գործ չկա։

− Ինչ որ է, եթե ավելի առաջ լմնցնես, վնաս չունի, միայն թե շաբաթը չանցնի… երկաթը տաք-տաք պետք է ծեծել, Սուսերյանցի հետ արդեն պայմանավորվեցա՞ն։

− Չեմ գիտեր։

− Ատ ալ նշանակության չունի, մենք մեր գործը նայինք։ Պահանջք ունի՞ս Թաղ. Խորհրդեն։

− Չէ՛, հաշիվս մաքրեցին։

− Ուրեմն առայժմ դրամ կա քովդ։

− Այո,− պատասխանեց ուսուցիչը, այս հարցումեն քիչ մը նեղվելով,− քիչ մը ժամանակի համար ապրուստ ունիմ, և կհուսամ, որ վարժարաններու վերաբացումին պիտի կրնամ պաշտոն մը ձեռք ձգել, արդեն այս մասին դիմումներ ըրած եմ։

− Հիմա ուրիշ գործի ետևե մի՛ ըլլար, դուն պետք է քու հին պաշտոնիդ մեջ վերահաստատվիր, հոգ չէ, եթե քիչ մը ժամանակ անգործ մնաս։ Եթե երբեք դրամի պետք ունենաս, բան մը կընենք, անհոգ եղիր։

− Շնորհակալ եմ, բայց ես ուրիշի բեռ ըլլալ չեմ ուզեր, ես մինչև հիմա իմ ճակատի քրտինքովս ապրած եմ։

Վաճառականը կրկին հորդորեց ուսուցիչը, որ ուրիշ պաշտոն չփնտռե, որովհետև, ըսավ, այդ կերպով Թաղական Խորհուրդի վճիռը ընդունված կըլլա և իր բողոքելու իրավունքը կկորսնցնե։

Պարոն Թորգոմ մեկնեցավ հուսալից։ Իրեն այնպես կթվեր, թե ոչ մեկ թաղեցի պիտի մերժեր ստորագրել այս հանրագրությունը։ Չէ՞ մի որ ամենքն ալ իրենց ցավակցությունը հայտնած էին վարժարանեն հեռանալուն համար ու անիրավ գտած էին Թաղ. Խորհուրդի որոշումը։

Գյուղ հասնելով՝ մտածեց անմիջապես գործի սկսիր Աչքի առջև բերավ աշակերտներու ծնողքները և անոնց մեկ ցանկը պատրաստեց։

− Ամենքն ալ զիս կսիրեն,− կմտածեր,– և չեն կրնար մերժել խոսքս։

Առաջին անգամ գնաց Մարտիկ աղային, որ կերպասավաճառ