− Հանրագրությունը մեր ընկերները խմբագրեցին,− շարունակեց Սուսերյանց,− այո՛, անկյալ վիճակ, շատ լավ կհիշեմ այդ բառերը, ես քիչ մը չափազանցված գտա այդ բացատրությունը բայց ինչ ընեմ, մեծամասնությունը պնդեց, որ այդպես գրվի… գիտես, որ մեր մեջ որոշումները մեծամասնությամբ կարվին:
− Ինծի համար ուղղակի ակնարկություն մը կա՞,− հարցուց Թորգոմ, որուն մտահոգությունը հետզհետե կավելնար:
− Դժբախտաբար,– պատասխանեց Սուսերյանց։
− Բայց ի՞նչ իրավունք ունին անհատականության դպչելու:
− Ճիշտ ես ալ նույն դիտողությունը ըրի: Բայց մեծամասնությունը դիտել տվավ, որ ձեր հանրագրության մեջ ալ անհատականության դպած էիք:
− Ո՞վ ըսավ…
− Ինծի դեմ բաներ մը գրված է եղեր, մեր ընկերներեն մեկը կարդացեր է հանրագրությունը։
− Երբե՛ք, ձեր ընկերներեն ոչ ոք տեսած է հանրագրությունը,− գոչեց Թորգոմ։
− Տեսեր և կարդացեր է,− պնդեց Սուսերյանց:
− Անկարելի է…
− Ինչո՞ւ այդպես կըսես և մանավանդ ինչե՞ն գիտես, որ անկարելի է։
− Որովհետև ես երբեք հանրագրությունը ցույց չեմ տված ձեր ակումբին։
− Թերևս ուրիշները ցույց տվին:
− Ուրիշնե՞ր… ինչպես կարելի է։ Հանրագրությունը իմ քովըս է։
− Իրա՞վ կըսես։
− Անշուշտ,− պնդեց պրն. Թորգոմ։
− Բայց քիչ մը առաջ դուն ըսիր, որ այդ գործով չես զբաղիր և թե հանրագրությունը թաղեցի համակիրներն են, որ ստորագրել կուտան։
− Այսինքն,− կմկմաց ուսուցիչը,− անոնք խորհուրդ տվին, որ ասանկ բան մը ընենք և խոստացան, որ պիտի աշխատին ամբողջ թաղեցիներուն ստորագրել տալու համար։
− Ինչ որ է, խնդիրը այն է, որ դուն կամ ուրիշները հանրագրությունը կարդացեր եք մեկ քանի մարդոց, անոնք ալ մեջը գրվածները պատմեր են ուրիշներուն։