ես կրնամ հանգիստ սրտով ձյունը վայելել, քանի որ ձեռքես եկածը կընեմ աղքատներուն համար։
− Իմ ալ խիղճս հանդարտ է,− մեջ մտավ Նունիկ,− տեսեք ասանկ օդով օրս զոհեցի հոս գալով, փոխանակ տաքուկ սենյակս նստած՝ դաշնակ զարնելու։
− Կեցցեն ուրեմն մեր պատվական խնամակալուհիները, որոնք այսքան անձնվիրաբար կաշխատեին աղքատներու համար,− ըսավ տարեց մարդ մը, ձեռքերը թեթևորեն իրար զարնելով:
− Կեցցեն նաև Աղքատախնամին անդամները, որոնք նույնպես այնքան կհոգնին թաղին չքավորներուն համար,− ավելցուց տիկին Սոֆի։
− Ամենքս ալ կեցցենք, քանի որ ձեռքերնես եկածը չենք խնայեր,– եզրակացուց Ղուկաս էֆենտի։
Այս փոխադարձ գովասանքներեն ետքը՝ վերջապես նպաստներու բաշխումը սկսավ։
Երկու կիները և օրիորդ Նունիկ բրդեղեն ու ֆանելայե հագուստները, որոնք խոշոր ծրարներու մեջ դրված էին, մեջտեղ հանեցին ու խոշոր սեղանի մը վրա դիզեցին։ Հետո մեկիկ-մեկիկ նպաստընկալները ներս կանչվեցան և իրենց հանած աղմուկին, պոռչտուքին ու լացուկոծին համեմատությամբ նվերներ ընդունեցին:
Ղուկաս էֆենտի իր թիկնաթոռին մեջ փռված, անձնդյուր, սիկարեթը բերանը, կդիտեր այս տողանցությունը, ատեն-ատեն չափազանց աղմկարարները սաստելով բարձրագոչ։
− Է, երկան ըրիք, դուրս կորսվեցեք նայիմ, աս ի՞նչ անամոթություն է… շատ խոսիս նե՝ հիչ բան մը չենք իտար հա… էտեպսսիզություն պետք չէ,– և այլն։
Ասիկա կըներ պարզապես զգացնելու համար իր իշխանությունը: Իրողությունն այն էր, որ այդ գործողություններուն միջոցին ինք՝ մտովի՝ բոլորովին այլուր փոխադրված էր: Հետևյալ օրը, երկուշաբթի, վերջապես պիտի կատարվեր աղջկան խոսք-կապը: Տղան ալ բոլորովին «ապան էրած էր», ինչպես ուրախությամբ կըսեր Ղուկաս էֆենտի։
Թեև դրամօժիտի մասին անգամ մըն ալ խոսք բացեր էր երիտասարդը, բայց ինք որ կացությունը կշռած էր, բացարձակապես մերժած էր երեք հազար ոսկիեն ավելի վճարելու։ Նույնիսկ այդ գումարը այժմ չափազանց կնկատեր: