Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր միամիտ ուսուցչեն 350 ղրուշ շորթելե ետքը։ Իրավ է, որ այդ դրամը օգուտ մը չէր ըրած իրեն և անոր մեծագույն մասը, եթե ոչ ամբողջությունը, կորսնցուցած էր թղթախաղի մեջ, որուն անդարմանալի մոլին էր այդ բախտախնդիր մարդը։

Հիմա կարծեք ժամանակը հասած է, որ դառնանք մեր իրական պատմության մյուս գլխավոր դերակատարներուն, որոնց հետքը կորսնցուցիք ժամանակե մը ի վեր։

Տիկին Սաթեն, Մարգար էֆ-ի կինը, հորմեհետե ամուսինը Ք․ գյուղի Առժամյա Թաղ. Խորհուրդին ատենապետը հռչակված էր, փառքի գագաթնակետը կգտնվեր։

Ոչ միայն եկեղեցիին մեջ առաջին տեղը կգրավեր և ավագերեցեն մինչև հետին տիրացուն իրեն հանդեպ պատկառոտ ակնածանքով մը կվարվեին, այլ նաև թաղի մեջ տեսակ մը հեղինակություն կվայելեր։

Ամեն անոնք, որոնք Թաղ․ Խորհուրդի հետ գործ մը ունեին, նախ կփութային իր աջակցության դիմել, որպեսզի բարեխոսե ամուսնույն քով և իրենց խնդրանքը հաջողցնե։

Վարժարանի մեջ պաշտոն փնտռող ուսուցիչներ և վարժուհիներ, հիվանդին ձրիաբար Ազգային Հիվանդանոց և զավակին որբանոց տեղավորելու հետամուտ թաղեցիներ, զավակնին որբանոց դնելու աշխատող սպասուհիներ, Աղքատախնամեն ամսական նպաստ ակնկալող չքավորներ ափ կառնեին Մարգար էֆ-ի տան դուռը և «հանըմը» տեսնել կուզեին։

Տիկին Սաթեն կընդուներ զանոնք կոկոզավիզ հպարտությամբ մը, խոստումներ կշռայլեր և հետո ճամփու կդներ։

Օր մը այսպիսի խնդրարկու մը հազիվ ճամփու դրած էր, երբ իր բարեկամուհի տիկին Նվարդ ներս մտավ։

− Օ՜ֆ,− հառաչեց տիկին Սաթեն,− աղեկ որ եկար, քիչ մը ժամանակ կանցնենք, ժամ մըն է, որ գլուխս տարան։

− Ի՞նչ կա նորեն։

− Սիրելիս, ամեն օր մեյ մեկ հոգի մեջտեղ կելլա, խնդիրք մը կհանե, ալ դիմացվելու բան չէ… բարով խերով Մարգար էֆ-ն թաղական Խորհուրդի ատենապետ չըլլար…

− Ի՞նչ վնաս ունի, դուն բարիք գործելը կսիրես։

− Այո՛, բայց վերջապես ամեն բանի համար իմ վրաս իյնալու չեն։