Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարեգին է, ի՞նչ փեզեվենկ է… ազգին փարաները քեզի պես բոզերո՞ւն պիտի տանք… դուրս կորսվե, նայիմ, խալթախ քեզի…

Սաթենիկ, լեզուն բռնված, առանց կարենալ բառ մը արտաբերելու, ինքզինք սենյակեն դուրս նետեց և սանդուխեն վար գահավիժեցավ։

Ամենքը մեկնելու համար ոտքի ելած էին:

— Բայց, էֆենտի,— առաջարկեց Աղքատախնամի փաստաբան անդամը, որ քիչ մը առաջ տեղեկագիրը աչքե անցուցած էր,— որոշ ամբաստանություն մը չի կա, եղածները պարզ ենթադրություններ, դրացիներու բամբասանքներ են…

— Դեռ ի՞նչ ըլլա,— գոչեց Ղուկաս էֆենտի բարկացած,— երիտասարդ այրի կնիկ մը, որ ամուրի երիտասարդի մը հետ առանձին կնստի ու այդ երիտասարդը տանը վարձքը կվճարե… արդեն չտեսա՞ք, բերանը կըրցա՞վ բանալ, խոսք մը կըրցա՞վ ընել, ձգեց փախավ անամոթը, վայ անբարոյական, վայ, մեյ մըն ալ եկեր երես ունի տե փարա կուզե կոր, կնայի՞ք մի խալթախը…

Փաստաբանը, որ դյուրավ տեղի տվող չէր, կրկին փորձեց արդարացնել հեգ կինը.

— Տունը երիտասարդ վարձակալ մը ունենալով անպատճառ անոր սիրուհին եղած չըլլար… և հետո պարզ ենթադրությամբ մը իրավունք չունինք զինքը նախատելու, կրնանք նպաստ չի տալ, առանց պատիվին դպչելու։

— Ի՞նչ ընեինք, էֆենտիս,— պոռաց Ղուկաս էֆենտի,— աղաչեի՞նք, պաղատեի՞նք, ոտքը ձե՞ռքը իյնայինք, գլխերնուս վրա՞ նստեցնեինք… ըրածս քիչ էր անգամ, այդ տեսակ անպատիվ կնիկները բոլիսին տալու է, անառականոցը բանտարկելու է, որ երթան սորվին… չտեսա՞ք ինչ լկռտած կերպարանք մը ուներ, աղաչել, պաղատիլ չկա, խոնարհիլ չի կա… «քննությունը ըրիք, նպաստ տվեք»… վայ անբարոյական… գրելու է Ֆերի Գյուղի թաղական խորհուրդին, որ այդ բոզը հանել տա այդ մահալլեեն… ազգերնուս մեջ մեկ ընտանեկան պատիվ մը ունինք, անիկա գոնե մաքուր պահենք։

Հասած էին եկեղեցիին դռան առջև, Ղուկաս էֆենտի մնաք բարով ըսավ. կառք նստավ և մեկնեցավ։

— Սիրտը բարի մարդ է, բայց բարոյականի մասին խստապահանջ է,— ըսավ Աղքատախնամի անդամներին մեկը՝ էֆենտիին ակնարկելով։