Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իցիվ թե մարդ իմացած չըլլար,− ըսավ Մարգար էֆենտի:

− Մեր ընկերներուն բան մը ըսի՞ր։

− Չէ, բայց վկայականը քարտուղարին գրել տվի, չեմ գիտեր թե անիկա ըսա՞ծ է։

− Այդ կետը ստուգելու է։

− Հիմա մեկը կղրկեմ, քարտուղարը հոս կանչել կուտամ,− ըսավ Մարգար էֆենտի։

− Այո՛, այո՛,− պատասխանեց Միհրանիկ,− այս գործը շուտով կարգավորելու է։

Վաճառականը իսկույն ծառան ղրկեց և բերել տվավ քարտուղարը։

− Պրն. Տիգրան,− ըսավ քարտուղարին,− կհիշե՞ս քանի մը օր առաջ քեզ առտու մը տուն կանչել տվի և վկայական մը գրել տվի։

− Այո՛,− պատասխանեց քարտուղարը,− չքավոր հիվանդի մը համար, որ հիվանդանոց պիտի ղրկվեր։

− Այդ մասին մեր թաղական ընկերներուն խոսք մը ըսի՞ր:

− Չէ՛, բան մը չեմ ըսած, անկե ի վեր Թաղ. Խորհուրդը չէ գումարված։

− Ավելի աղեկ ուրեմն, որովհետև պարզապես խաղի եկած ենք, այդ չքավոր ընտանիքը մեր թաղին մեջ չէ եղեր…

− Արդարև ես ալ զարմացա, որովհետև թաղեցի ըլլալովս պետք է որ ճանչնայի այդ տեսակ չքավոր մը, մանավանդ որ, ինչպես գիտեք, Աղքատախնամին ալ քարտուղարն եմ։

− Բայց ինչո՞ւ այդ առտուն դիտողություն չըրիր:

− Շիտակը Մարգար էֆ՝ չհամարձակեցա…

− Ինչ որ է, մենք խնդիրը երևան հանեցինք ու վկայականն ալ ջնջեցինք։

− Ասանկ բաներ կպատահին երբեմն,− պատասխանեց քարտուղարը փիլիսոփայաբար։

− Հիմա, որ խնդիրը կարգադրվեցավ, չենք ուզեր, որ իմացվի, որպեսզի պարապ խծբծանքներու տեղի չտրվի։

− Իրավունք ունիք։

− Ասոր համար ահա պետք է, որ վկայականին գործը գաղտնի պահվի։