Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/658

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն թե ազատ արձակված ատեն ոստիկանության պաշտոնյան իրենց սա խրատը տված էր։

− Չըլլա, որ ասկե ետքը ազգին գործերուն խառնվիք մեյ մըն ալ։

Բայց արդեն երկու վաճառականները այդ խրատին պետք չունեին և արդեն իսկ, բանտին մեջ ալ ուխտած էին կարելի եղածին չափ հեռու փախչիլ ազգային շրջանակներե։

Իսկ խեղճ Սուսերյանց, Կայծունի և Թորգոմ չկրցան իրենց օձիքը ազատել և աքսորվեցան դեպի Չանկըրը, ուր սակայն, հրաշքով մը, հաջողեցան ողջ մնալ և հազար ու մեկ անակնկալ արկածներե ետքը՝ հաջողեցան անցնիլ ռուսական բանակը։

Տարագրության փորձություններուն մեջ, նախկին հակառակորդները մտերիմ բարեկամներ դարձած էին իրարու։

Կովկասյան սահմանին վրա անոնք կողք կողքի կռվեցան ամբողջ պատերազմի ընթացքին։

Իրենց քաջագործությունները կամ բուն բառով հերոսությունները, պատմելու համար պետք է հատորներ լցնել, ուստի այդ հսկա աշխատությունը կձգենք ուրիշներուն:

Իսկ գալով ժամկոչ Վարդան աղբոր, որ սկզբնապատճառը եղած էր Շազիկ-Սաթեն պայքարին, իբրև գավառացի ինքն ալ բռնեց աքսորի ճամփան և հազար ու մեկ տառապանքներե ետքը հասավ Հալեպ, ուր մնաց մինչև անգղիական գրավումը։ Զինադադարեն ետքը հաջողեցավ անցնիլ Եգիպտոս ու այժմ Ալեքսանդրիո Ազգային վարժարանին մեջ տնտեսի պաշտոն կվարե։

ՎԵՐՋ