Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կառնվի իմ գրածները։ Պետք է շարժիլ… պետք է շարժիլ…

− Պարոն Կակայանց, եկուր քեզի հետ երթանք կռվելու,− ըսավ երիտասարդ մը ոտք ելլելով, իբր թե նույն վայրկյանին իսկ մեկնելու պատրաստվեր։

− Հերն եմ անիծել այն րումաթիզմային, որ զիս գամել է այստեղ, առանց դորան ես այս րոպեիս պետք էր լինեի Մասիսի զագաթում,− պատասխանեց Կակայանց և աթոռ մը առնելով եկավ նստավ քովերնիս։

Քիչ մը ատեն ալ շարունակեց Կակայանց իր տեսությունները պարզել թյուրք և հունական պատերազմին հետևանքներուն վրա ու հետո խորհրդավոր կերպով մը հաղորդեց մեզի,− խնդրելով, որ խոսքը մեջերնիս մնա,− թե կոմիտեթն արդեն պատրաստություններ ունի ժամանակը եկած ատեն «մի ընդհանուր շարժում առաջ բերելու Թյուրքահայաստանի գավառներում»։

Այս սրտապնդիչ տեղեկությունը մեզի տալե ետքը՝ Կակայանց ավելցուց.

− Է՜, ինձ մի բան չե՞ք հրամցնե։

Գարեջուր մը բերել տվին իրեն։

Հետո անխուսափելի վիճաբանությունը բացվեցավ օրվան խնդրին վրա. միությո՞ւն՝ թե անջատ գործունեություն, կեդրոնացո՞ւմ՝ թե ապակեդրոնացում և այլն։ Կակայանց կխոսեր լիաբերան՝ անընդհատ ծխելով։ Որովհետև տակավին չէի գիտեր ո՛ր կուսակցության պատկանիլը, հետևաբար չկրցա հասկնալ, թե կեդրոնացո՞ւմը կամ ապակեդրոնացումը կպաշտպաներ։

Երբ ընթրիքի ժամը մոտեցավ ու ամեն մարդ կպատրաստվեր մեկնելու՝ Կակայանց կեցուց մեզ՝ ըսելով.

− Պահ մի կացեք, մի բան պիտի ըսեմ ձեզ։

Եվ սկսավ պատմել թե երիտասարդ մը, որ հաճի Մարկոսի կամ Կիրակոսի խմբին մեջ կգործե եղեր, բռնվեր, երկու տարի բանտ մնացեր, հետո փախեր ու Կիպրոս ապաստաներ է, ուր հիվանդ ու չքավոր վիճակի մեջ կգտնվի եղեր։ Կակայանցի բարեկամներեն մին՝ «մի անձնվեր ընկեր», որ Կիպրոս է եղեր «գաղտնի պաշտոնով», հաղորդեր է իրեն այդ «նախկին հերոսի» տխուր վիճակը, մի անմիջական օգնություն խնդրելով։

− Պետք է նրան մի պան վճարեք, որ ղրկեմ վաղվա պոստով, դա անհրաժեշտ է,− ավելցուց Կակայանց իբրև վերջաբան իր պատմության։− Այդ երիտասարդը մի այնպիսի հերոս է, որի նման